Հոգեկան հիվանդություններով տառապող անձանց բուժօգնությունը Հայաստանում փորձում են մատչելի ու արդյունավետ դարձնել
ՀՀ առողջապահության նախարարությունը, Սանոֆի ֆրանսիական ընկերությունն ու Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիան այսօր ստորագրել են երկամյա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր` հոգեկան հիվանդություններով տառապող անձանց բուժօգնության մատչելիությունն ապահեվելու նպատակով: Այս մասին հայտնում են առղջապահության նախարարությունից:
«Հոգեկան առողջության ծառայության ասպարեզում այսօր շատ կարևոր քայլ կատարեցինք։ Երկար ժամանակ այս խնդիրները մեր ուշադրության կենտրոնում էին, և իրավիճակը բարելավելու նպատակով տարբեր ուղղություններով աշխատանքներ էինք տանում։
Վստահ եմ, որ այս համագործակցության շրջանակներում կհաջողվի Հայաստանում զգալիորեն բարելավել հոգեկան հիվանդություններով տառապող անձանց բուժօգնության կազմակերպումը, ավելի մատչելի ու ավելի արդյունավետ դեղերով բուժումը, մեր մասնագետները կտիրապետեն հիվանդության ախտորոշման և վարման ժամանակակից մեթոդներին։ Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել Սանոֆի ընկերության դեղերի մատչելիության փոխնախագահ Ռոբերտ Սեբբագին և Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Թոմ Քրեյգին։ Մեր համատեղ նախապատրաստական աշխատանքի արդյունքում ստորագրված այս փաստաթուղթը մեծ հաջողություններ արձանագրելու հիմք կհանդիսանա»,-ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
Հուշագրի ստորագրման առթիվ բոլորին շնորհավորել է նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` նշելով, որ առողջապահության ոլորտը դեսպանատան ուշադրության կենտրոնում է, և համատեղ մի շարք ծրագրեր արդեն իսկ կատարվել են։ Շեշտելով, որ համագործակցության նոր փուլ է սկսվում, նա պատրաստակամություն է հայտնել սատար լինել ծրագրի իրականացմանը։
Հուշագրի ստորագրումը ողջունել են նաև Սանոֆի ընկերության դեղերի մատչելիության հարցերով փոխնախագահ Ռոբերտ Սեբբագը և Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Թոմ Քրեյգը։
Հոգեկան հիվանդությունները, հատկապես շիզոֆրենիան, ծանր և բուժման մեծ ծախսեր պահանջող հիվանդությունների թվում են: Ծրագիրն առաջին փուլում ուղղված է լինելու հենց շիզոֆրենիայի դեմ պայքարին։ Կկազմակերվի Երևան քաղաքի առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների` ընտանեկան բժիշկների և բուժքույրերի վերապատրաստումներ` հոգեբույժների հետ համատեղ արդյունավետ աշխատանք տանելու նպատակով։
Նախատեսվում են նաև փսիխոզով տառապող հիվանդների ու նրանց ընտանիքների կրթման, բնակչության իրազեկման, ինչպես նաև հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հանդեպ խտրականության նվազեցմանն ուղղված միջոցառումներ: Փորձնական ծրագրի դրական փորձը հետագայում կտարածվի նաև մարզերում՝ ներգրավելով հոգեկան այլ հիվանդություններ ևս։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում հոգեկան խանգարումներով տառապող հինգ մարդուց չորսը չունի բուժման հնարավորություն։ Մինչդեռ մոտավորապես երեք քառորդ դեպքերում համապատասխան բուժումը կարող է կանխել շիզոֆրենիայի կրկնությունը: Մասնագետները գտնում են, որ այս ծրագրի արդյունքում հնարավոր է իրական առաջընթաց ապահովել: Այդ մասին են վկայում այլ երկրներում իրականացված նմանատիպ ծրագրերը:
Հանրային-մասնավոր համագործակցության մեկնարկը տրվել է հենց այսօր` Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած «Շիզոֆրենիայով հիվանդների մատչելի բուժում և խնամք. համաշխարհային և հայաստանյան հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովով, որին մասնակցում են Հայաստանի և այլ երկրների մոտ 100 հոգեբույժ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա