Ադրբեջանում 2013թ.-ին ընտանեկան բռնության արդյունքում 83 կին սպանվել է, 98-ը` ինքնասպան եղել
Իրավաշտպանները հայտարարել են, որ Ադրբեջանի կառավարությունը մինչև այժմ չի կատարել իր խոստումները` կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանելու հարցում: Այս մասին ասվում է «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» (IWPR) կայքում տեղադրված հոդվածում:
Ըստ «Մաքուր աշխարհ» կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության տնօրեն Մեհրիբան Զեյնալովայի` իրադրությունը մտահոգիչ է:
Ադրբեջանում 2013թ.-ին ընտանիքում 83 կին է սպանվել, իսկ 98-ն ինքնասպան է եղել ընտանեկան բռնության պատճառով: 2012թ.-ի համեմատ, երբ 72 սպանության և 67 ինքնասպանության դեպք էր գրանցվել, 2013թ.-ին կտրուկ աճ է նկատվել:
«15-ամյա Նարմինա Վալիևան փախել էր տանից, սակայն ոստիկանությունը բռնել և հետ է վերադարձրել: Որոշ ժամանակ անց նրան գտել են մահացած: Վալիևայի 16-ամյա եղբորը ձերբակալել են քրոջը սպանելու մեղադրանքով»,-օրինակ է բերել հեղինակը:
Զեյնալովան նշել է նաև, որ բացասական վերաբերմունքը հասարակության կողմից, ինչպես նաև ոստիկանության կողմից ճիշտ գործողություններ չձեռնարկելը ավելի են բարդացնում իրավիճակը:
«Կարծրատիպային տեսակետ կա Ադրբեջանում, որ բռնությունը ընտանիքում դա միայն այդ ընտանիքի գործն է, և հետևաբար, այդպիսի տունը լքած անհատին պաշտպանելու փոխարեն նրան վերադարձնում են այդ ընտանիք: Սա է այս բոլոր ողբերգությունների հիմնական պատճառը»,- ասել է Զեյնալովան:
Անցած տարի «Մաքուր աշխարհ» կազմակերպությանը դիմած 720 կանանց թվում էր նաև 33 տարեկան մի կին, ում իր մայրը ստիպել էր ամուսնանալ իր իսկ զարմիկի հետ, որը 5 տարի հետո լքել էր նրան և գնացել Ռուսաստան:
«Իմ ընտանիքը ինձ շարունակ նրա մոտ էր ուղարկում, իսկ նա ինձ հետ էր վերադարձնում: Չնայած այս ամենին, պաշտոնապես մենք դեռ ամուսնացած ենք, քանի որ իմ ծնողները ինձ թույլ չեն տալիս ապահարզան պահանջել», - պատմել է կինը:
Իրավիճակը ավելի է սրվել, երբ նա իր ընտանիքին ասել է, որ մեկ այլ մարդու է հանդիպել և սիրահարվել: Եղբայրը, իմանալով այդ ամենի մասին, քրոջը փակել է տանը և նրա երեխաների առջև շարունակաբար ծեծել:
Ըստ «IWPR»-ի ` 2010թ.-ին Ադրբեջանի խորհրդարանը երկու օրենք է ընդունել ընտանեկան բռնության կանխման վերաբերյալ, սակայն օրենքի հիմնական դրույթները չեն կարող կիրառություն ստանալ, քանի դեռ քրեական օրենսգրքում որոշակի փոփոխություններ չեն իրականացվել:
«Կանանց ճգնաժամային կնետրոնի» տնօրեն Մաթանաթ Ազիզովան ասել է, որ օրենքի հիմնական դրույթը ընտանիքում բռնության ենթարկված կանանց համար կացարանի ստեղծումն է:
«Այդ կացարանները մնացած օրենսդրական ակտերի հետ մեկտեղ կանանց համար պաշտպանություն կապահովեին: Դժբախտաբար, Ադրբեջանի իշխանությունները չեն աշխատում այդ ուղղությամբ»,- ասել է Ազիզովան, ում կենտրոն 2013թ-ին դիմել է 2500 կին: Նա նույնպես նշել է, որ տնային պայմաններում սպանությունների և ինքնասպանությունների քանակը աճել է:
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների հարցերով կառավարական հանձնաժողովի նախագահ Հիջրան Հուսեյնովան ասել է, որ ուշադրությունը պետք է ուղղել վաղ ամուսնություններին:
«Ընտանեկան բռնությունը հիմնականում վաղ ամուսնությունների արդյունք է: Վաղ ամուսնությունները հենց իրենք բռնության մի տեսակ են»,- ասել է Հուսեյնովան:
Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Էլման Բաբաևը ասել է, որ 2013թ-ին Ադրբեջանի պետական բյուջեից 2,5 միլիոն դոլար է հատկացվել կանանց համար կացարաններ պատրաստելու համար, սակայն դրանք դեռ չեն գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան