Իրանցի պաշտոնյա. Լավաշը հայկական բառ է, Հայաստանն էլ՝ լավաշի հայրենիքը
«Իրանը ևս կարող է լավաշը գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանի Մշակույթի, զբոսաշրջության և ձեռքի աշխատանքների կազմակերպության մշակութային արժեքների գրանցման բաժնի ղեկավար Ֆարհադ Նազարին:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը 2013թ. դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ հայկական լավաշի պատրաստման արվեստը կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ոչ նյութական արժեքների ցուցակում: Սույն տեղեկատվությունը հրապարակվելուց հետո իրանական ԶԼՄ-ները, ինչպիսիք՝ «ԻՌՆԱ», «ԻՍՆԱ» և «թաբնաք.իռ» կայքերն են, սկսեցին ակտիվորեն լուսաբանել լավաշի հարցը:
Խնդրին անդրադարձան իրանցի հետազոտող, մշակութաբան Մաասումե Էբրահիմին և ԻԻՀ «Իսլամական մեծ հանրագիտարանի» գիտխորհրդի անդամ Ալի Բոլուքբաշին, որոնք իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էին, որ լավաշն իրանցիների հնագույն ավանդական հացատեսակներից մեկն է, և որ, Հայաստանը, ազդեցություն կրելով իրանական մշակույթից, լավաշի պատրաստման արվեստը Իրանից է վերցրել:
Իրանի Մշակույթի, զբոսաշրջության և ձեռքի աշխատանքների կազմակերպության մշակութային արժեքների գրանցման բաժնի ղեկավար Ֆարհադ Նազարին, անդրադառնալով լավաշի շուրջ բարձրացված աղմուկին, մասնավորապես նշել է. «Այն որ Հայաստանը ցանկանում է լավաշը գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում, չի նշանակում, որ Իրանն էլ չի կարող նույն բանն անել: Մի շարք ոչ նյութական մշակութային արժեքներ կան, որոնք տարածված են տարբեր երկրներում: Լավաշը՝ դա հայկական բառ է, և այդ հացատեսակի հայրենիքը պատկանում է նաև Հայաստանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան