Հայաստանում հայ-ռուսական փրկարարական-մարդասիրական կենտրոն կստեղծվի (տեսանյութ)
Արտակարգ իրավիճակների նախարարության 2014 թվականի կարևորագույն ուղղություններն են Ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծումը մարզերում, 911 ծառայության ստեղծումը մարզերում և բարելավումը, ինչպես նաև Ստեփանավանի ու Կապանի օդանավակայանների վերագործարկումն ու փոքր ավիացիայի ստեղծումը:
ԱԻՆ այս տարվա գերակայություններն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:
«Այդ ավիացիան մեր հանրապետությունում կիրականացնի որոնողափրկարարական, անտառային հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքներ: Քայլեր են ձեռնարկվում, որպեսզի այդ ավիացիան օգտագործվի նաև հակակարկտային պայքարում»,- ասաց նա:
Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ ՀՀ Նախագահի հանձնարականով 911 որակյալ ծառայությունը պետք է հասնի նաև մարզեր և գյուղեր:
«Մեր կանչերը վկայում են, որ մարդիկ նեղ պահին են կանչում, երբ ներսում երեխա է մնացել կամ մարդն առողջական խնդիրներ ունի: Մարդը պետք է կարողանա զանգելով մեկ համարով, ստանա բոլոր այդ օգնությունները: Նախարարի հանձնարարականն է` ամենանեղ պահին մարդկանց օգնության հասնել: Այսօր կարևորագույն խնդիր է դրված ստեղծել բարի ժպիտով ծառայությունը, որը հուսալի ձեռք կմեկնի և մարդկանց մատից փուշ կհանի: Մենք դժվար պահին ձեր կողքին ենք»,- ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը:
Նիկոլայ Գրիգորյանը հայտնեց, որ այս տարի կստեղծվի հայ-ռուսական փրկարարական-մարդասիրական կենտրոն: Ռուսաստանից կներդրվի մոտ 12 մլն դրամի համարժեք սարքավորումներ, ավտոմեքենաներ, ուղղաթիռ: Բալահովիտում արդեն աշխատանքներ են կատարվում:
«Մենք կունենանք տարածաշրջանային մարդասիրական փրկարարական կենտրոն, որը կկարողանա արձագանքել նաև մեր հարևաններին»,- ասաց նա:
Ամբողջ աշխարհում բարձրորակ փրկարարական ծառայություն մատուցող շվեյցարական «ԻՆՍԱՐԱԳ» կազմակերպության օգնությամբ մեր հանրապետությունում երեք փրկարարական ջոկատ է ստեղծվում` Սյունիքում, Շիրակում ու Երևանում: Սրանց բարելավումից հետո ևս երեքը կստեղծվեն:
«Մեր փրկարարական ծառայությունն այսօր բարձր համարում ունի, մեր երկիրը բացի փրկարար ծառայություն ներկրողից դարձել է օգնություն, հմտություն արտահանող: Այդ փրկարարների շնորհիվ մենք կունենաք ավելի բարձր մակարդակ և ավելի ներկայանալի փրկարար ծառայություն»,- տեղեկացրեց Նիկոլայ Գրիգորյանը:
Անդրադառնալով նախորդ տարվա վիճակագրությանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը հայտնեց, որ հիմնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեպքերն աճել են 493-ով, իսկ զոհերի թիվը` 61-ով: Դեպքերը հիմնականում տեխնածին են: Տարերային դեպքերը բավական նվազել են: Մարդիկ ավելի շատ զոհվում և վնասվածք են ստանում սոցիալ-կենցաղային պայմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը