Նիկոլայ Մադոյանը պատրաստվում է Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանել
Միջազգային մրցույթների դափնեկիր գերմանաբնակ ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը պատրաստվում է Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանել Հայաստանում: Նա առանց նոտաներից օգտվելու կատարելու է Պագանինիի ջութակի բոլոր 6 կոնցերտները մեկ երեկոյի ընթացքում:
Համերգը կայանալու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 20-ին: Ն. Մադոյանը հանդես կգա թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ (երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան):
Ն. Մադոյանը ծնվել է 1973թ. Երևանում: Նա մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է: Եղել է այնպիսի ականավոր երաժիշտների սան է, ինչպիսիք են` Ա. Բոգդանյանը, Զ.Բրոնը, Ի.Սթերնը և Մ.Սոլովյովը: Ելույթ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ և այնպիսի հայտնի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են` Կ.Մազուրը, Ր.Հիքոքսը, Կ.Աբբադոն, Ա.Կացը, Դ.Կիտաենկոն, Վ.Գերգիևը, Լ.Հագերը, Մ.Բամբերտը, Պ.Դուֆալլոն, Ն.Ալեքսեևն ու այլոք: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլն: Ջութակահարի երկացանկը այնքան բարդ է, որ ոչ բոլոր երաժիշտներն են պատրաստ այն կատարել մեկ համերգի ընթացքում: Դրանցից են` Բեթհովենի 10 սոնատները ջութակի և դաշնամուրի համար (կատարվել են 2000թ.` Բեթհովենի 230-ամյակի ժամանակ), Պագանինիի 24 Կապրիզները (2001թ.), Բախի 6 սոնատները մենանվագ ջութակի համար (2003թ.), 6 սոնատները ջութակի և դաշնամուրի համար (2004թ.) և այլն: Բացի այդ, իրականացրել է նաև Ս.Պրոկոֆևի, Է.Գրիգի, Ֆ.Մենդելսոնի և Յո.Բրամսի սոնատների ձայնագրություններ:
2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան