Այս խելքով ինչպե՞ս կարող էինք պատրաստ լինել Ղարաբաղյան պատերազմին. ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանի խորհրդարանում քննադատության է ենթարկվել պատգամավոր Ֆազիլ Մուստաֆաևի կողմից վերջերս գրված «Մարդակերը» հոդվածը, հեղինակից պահանջել են ներողություն խնդրել ժողովրդից:
Ադրբեջանական «Qafqazinfo.az» կայքը հայտնում է, թե ինչպես է ադրբեջանցի պատգամավորը Ֆինլյանդիայի, Ռումինիայի, Նիդերլանդների, Կատալոնիայի ներկայացուցիչների հետ միասին գնացել Աֆրիկա՝ ստուգելու` ինչպես են ծախսվել մալարիա հիվանդության դեմ հատկացված միջոցները:
Հոդվածում հեղինակը նշում է, թե ինչ հիասքանչ էր ծայրամասային մի շրջանում գտնվող համալսարանը, որը չէր կարելի համեմատել Ադրբեջանի որևէ համալսարանի հետ: Պատգամավորի ուշադրությունը գրավել էր նաև այն, որ իր ծանոթներից բոլորը միաձայն խնդրել էին նրան իր հետ «մարդակեր» բերել:
«Ուշադրությունս գրավեց այն, թե այսքան տարբեր մարդկանց մոտ ինչպես է ստացվել, որ Աֆրիկայի նկատմամբ նրանց պատկերացումները մինչ այժմ չեն փոխվել: Վերադարձիս պատրաստել էի այդ հումորի պատասխանը: Գիտեի, որ առաջին հարցը դա է լինելու: Այդպես էլ եղավ: Բոլոր հարցնողներին ասացի, որ այնտեղ բավականին մարդակերների հանդիպեցի, խնդրեցի, որ ինձ հետ իմ երկիր գան: Սկզբում չճանաչեցին իմ երկիրը, ստիպված ցույց տվեցի քարտեզի վրա: Ծանոթանալուն պես` անմիջապես հրաժարվեցին գալ: Պատճառը հարցրեցի, ասացին, թե «ձեր երկրի մասին տեղեկություն ունենք, մենք այստեղ ենք մարդակեր, իսկ ձեզ մոտ այնպիսիները կան, որ մեզ էլ կուտեն»,-գրում է ադրբեջանցի պատգամավորը:
Մուստաֆաևը մատնանշում է, թե Բաքվում սրբատաշ քարերով պատված տների վերանորոգումից հետո ինչպես են այդ քարերը թափվում, և նշում, որ ամենաբարձր ապօրինություններ կատարվող երկրներում անգամ նման փողեր չեն մսխվում:
«Դրանք հենց իմ պատմած մարդակերներն են, եղբայր: Այն դեպքում, երբ երկրի հարյուրավոր մարդիկ տան, բնակարանի, աշխատանքի, հացի կարիք ունեն, միլիոններ թափել բարձր մակարդակի վերանորոգման համար, նախապես իմանալով, որ քանդվելու է, և վերանորոգելուց հետո էլ քանդելու որոշում ընդունել»,-գրում է պատգամավորը:
Նա նշում է, որ ադրբեջանցիների մոտ սուտ արտահայտություններ են ի հայտ եկել, ինչպես օրինակ «պարտվեցինք Ղարաբաղի պատերազմում, որովհետև լավ չէինք նախապատրաստվել, Վեզիրովը չթողեց տեղավորվենք Ղարաբաղում, Մութալիբովը չթողեց զենք գնենք և այլն»:
«Բաքվի սխալ պլնավորման պատճառով է, որ այժմ չգիտենք, թե այն որտեղ է սկսվում, և որտեղ վերջանում: Երկրի բնակչության 40 տոկոսը հավաքել ենք այստեղ, և ամեն մի երկրաշարժի ժամանակ փառք ենք տալիս, որ վնաս չեղավ: Այս խելքով` լինի երեկ, թե այսօր, ինչպես կարող էինք պատրաստ լինել Ղարաբաղյան պատերազմին»,-գրում է պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում