Ծագումով չեչեններն են գլխավորում կովկասցի իսլամականներին Սիրիայում. արաբագետ
Վերջին շրջանում շատ է խոսվում ծագումով կովկասցի իսլամականների ներգրավվածության մասին սիրիական հակամարտությունում: Ի՞նչն է կովկասցիների ներհոսքի պատճառը դեպի Սիրիա, և ինչո՞վ է Սիրիան գրավիչ կովկասցիների համար: Այս և այլ հարցերի շուրջ «Panorama.am»-ի թղթակիցը զրուցեց արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:
Արաբագետը կարծում է, որ կովկասցի իսլամականների մեծ մասը (տարբեր գնահատականներով նրանց թիվը հաշվվում է մոտ 2000 զինյալներ), որոնք ներկայացնում են Ռուսաստանի հյուսիս-կովկասյան շրջանները, ինչպես նաև հարավ-կովկասյան հանրապետություններից Վրաստանն ու Ադրբեջանը, Սիրիայում հիմնականում ներգրավված են 4 խմբավորումների մեջ, որոնք ղեկավարվում են Ումար աշ-Շիշանիի, Սայֆուլլահ աշ-Շիշանիի (սպանվել է ս.թ. փետրվարի 6-ին Հալեպի մոտ), Ամիր Մուսլիմի և Սալահ ադ-Դին աշ-Շիշանիի կողմից. Վերջիններիս անուններից երևում է, որ վերոհիշյալ խմբավորումները ղեկավարվում են ծագումով չեչենների կողմից (աշ-Շիշանի` արաբերեն նշանակում է չեչեն):
Ըստ Գրիգորյանի, կովկասցիները հիմնականում ուղևորվում են ջիհադական պայքարի գումար վաստակելու համար, իհարկե նրանց մոտ վերջին տեղում չէ կրոնա-գաղափարական հակվածությունը: Հատկապես երիտասարդ սերնդի շրջանում ազդեցիկ է սալաֆականությունը: Ռուսաստանի հյուսիս-կովկասյան շրջաններում լուրջ անվտանգության միջոցառումների առկայությունը դրդում է իսլամականներին դեպի հարավ, ավելի «անպաշտպան» ջիհադական ճակատներ, որոնցից է նաև Սիրիան:
«Աշխարհագրորեն Թուրքիայի մոտ լինելը նույնպես նպաստում է կովկասյան իսլամական ներուժի կողմից թուրքական տարածքներում ստեղծված ռազմական ճամբարներն օգտագործելու և դեպի Սիրիա և աշխարհի այլ հատվածներ տանող տարանցիկ ուղիները սեփական նպատակներին ծառայեցնելը համար: Բացի դա, ջիհադականներն ուղղորդվում են. ասել է թե` նրանց գործողություններն ու ակտիվությունը ծառայեցվում է ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար»,- նշեց արաբագետը` հավելելով,-«առաջին հերթին փորձ է արվում կովկասյան տարածաշրջանը լարված պահել հենց սիրիական պատերազմում փորձ ձեռք բերած ջիհադականներով: Ընդ որում, վերոհիշյալ ուղղորդումը նկատվում է տարածաշրջանում որոշ պետական շրջանակների և այլ ակտիվ գործող ոչ պետական կառույցների կողմից, այսինքն իսլամականներն ունեն բազմակողմանի աջակցություն, ինչը մտահոգիչ է»:
Նա կասկածից վեր է համարում այն, որ տարածաշրջանային գործոնի վերածված իսլամական արմատական ներուժն ուղղորդելու և դեպի Սիրիա կովկասցիների արտահոսքը վերահսկելու փորձեր են անում նաև հենց կովկասցի ծայրահեղ իսլամական առաջնորդները` կոչ անելով վերադառնալ Կովկաս, և այստեղ կյանքի կոչել ջիհադական պայքարը, և սա տալիս է իր արդյունքը. կովկասյան իսլամական աղբյուրներում տեղ գտած տեղեկություններից պարզ է դառնում, որ շատ կովկասցիներ, հավատարիմ մնալով իրենց էմիրին` Դոկու Ումարովին տրված երդմանը, Սիրիայում շարունակում են պայքարել կովկասցիներով համալրված իսլամական խմբավորումներում, բացի դա, նրանցից շատերը, որոնք կռվել են Սիրիայում, արդեն վերադարձել են Կովկաս, և, ունենալով լուրջ ռազմական պատրաստություն և լայնամասշտաբ ռազմական գործողությունների փորձ, ունակեն ջիհադական պայքար վարել կովկասյան և այլ տարածաշրջաններում:
«Կովկասցի իսլամականների համար, որոնք չեչենական պատերազմներից հետո Կովկասում ռազմական լայնածավալ գործողությունների չեն մասնակցել, սահմանափակվելով լոկալ հարձակումներ և ահաբեկչական բռնարարքներ իրականացնելով, Սիրիայում ընթացող պատերազմը լավ հնարավորություն է աչքի ընկնելու համար: Բացի դա, նոր սերնդի կովկասցի ջիհադականներն իրենց առաջին մարտական մկրտությունն են ստանում Սիրիայում, պատրաստվելով պատերազմի այլ ճակատներում, հատկապես ՌԴ-ի դեմ` Կովկասում»,- եզրափակեց արաբագետը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում