Ատոմակայանի աշխատակիցներ. «Չենք ուզում 35 տարի հետո լավ ապրել»
«Մենք պարտադիր բաղադրիչի հետ համաձայն չենք: Չենք ուզում 35 տարի հետո լավ ապրել, հիմա վատ: Մենք ուզում ենք հիմա լավ ապրել: Չենք ուզում, որ մեր աշխատավարձից 5 տոկոս գանձվի»,- ասաց այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարների բողոքի ակցիա իրականացնող Հայաստանի ատոմակայանի աշխատակիցներից մեկը:
Նշենք, որ նրանց ընդունեցին ՄԻՊ գրասենյակում և լսեցին պահանջը:
«Մենք ակնկալում ենք Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը»,- ասացին ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ այսօր ՀՀ-ում գործող իշխանության կազմում ՄԻՊ գրասենյակն այն միակ ինստիտուտն է, որը դեռ շարունակում է ծառայել ժողովրդին, ժողովրդի կողմից բարձրացվող հարցերին աշխատում է տալ դրական լուծումներ:
«Մենք քաջ գիտակցում ենք, որ իշխանությունը ձեր դիտողությունները հաշվի չի առնում, բայց մենք եկել ենք ձեր մոտ»,- ասաց ատոմակայանի աշխատակիցներից մեկը:
Նրանք ՄԻՊ խորհրդական Տաթևիկ Խաչատրյանին հանձնեցին իրենց նամակը, որը ստորագրել էին ատոմակայանի ավելի քան 700-ից ավելի աշխատակիցները: Նամակով նրանք հորդորում էին մարդու իրավունքների պաշտպանին պաշտպանել իրենց իրավունքները: Նրանք հայտնել էին, որ իրենց աշխատավարձից պահումներ է եղել առանց իրենց տեղյակ պահելու:
«Եթե կառավարությունը չընդառաջի, մենք դիմելու ենք ավելի ռադիկալ միջոցների՝ ընդհուպ մինչև նստացույց, գործադուլ, հացադուլ»,- ասաց աշխատակիցներից մեկը:
«Մեր պատասխանը ձեր դիմումին կլինի հրապարակային»,- ասաց ՄԻՊ խորհրդականը:
Նախորդիվ`
Մետրոպոլիտենի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերից պահումներ չանել (Տեսանյութ)
Օպերայի աշխատակիցների աշխատավարձերի պահումները թատրոնում են. Կամո Հովհաննիսյան (Տեսանյութ)
էլցանցերի աշխատակիցներ. Ինչու՞ են պահվել մեր աշխատավարձերից, ու՞ր են հիմա այդ գումարները
Բողոքի ակցիա «Հարավկովկասյան երկաթուղու» դիմաց