Գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանը դարձավ 80 տարեկան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել անվանի գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանին` ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հարգարժան Մաքսիմ Երվանդի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ փառապանծ հոբելյանի` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
Ինչպես հայրենի Արցախում, այնպես էլ նրա սահմաններից դուրս Դուք հայտնի եք որպես անվանի գրող, հրապարակախոս, լրագրող ու մտավորական, որպես մեծ հայրենասեր ու քաղաքացի, ով ամենածանր իսկ պահերին միշտ եղել է իր ժողովրդի կողքին, ապրել նրա հոգսերով ու խնդիրներով, արտահայտել արցախահայության ձգտումներն ու նպատակները: Ձեր բազմաթիվ ստեղծագործություններն ու հրապարակումները, Ձեր անցած հարուստ ճանապարհը դրա վառ վկայությունն են, ինչի համար էլ վայելում եք հարազատ ժողովրդի սերն ու հարգանքը: Եվ այսօր, նայելով ապրած տարիների բարձունքից, Դուք կարող եք լինել հպարտ, քանի որ անձնվիրաբար ծառայել եք հայրենիքին եւ արժանի ներդրում ունեցել հանուն անկախության ու ազատության մեր երկարամյա պայքարում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք ու նորանոր հաջողություններ»:
Գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանը ծնվել է 1934թ. Ասկերանի շրջանի Հարավ գյուղում: 1952թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 դպրոցը, 1958թ. Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը: 1958-1986-ին աշխատել է ԼՂՀ ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում` որպես թղթակից, ապա` գլխավոր խմբագիր, 1986-87 թվականներին` Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն:
Գրողը միշտ կապված էր թատրոնին, եղել է թատրոնի գեղարվեստական անդամ, ակտիվ մասնակցել խաղացանկի ձևավորմանը, հայերեն թարգմանել ռուս դրամատուրգների պիեսները (Ա.Օստրովսկու «Գեղեցիկ տղամարդը»): Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մասնակցել է 1987թ. Երևանում կազմակերպված համամիութենական ստուգատեսին, արժանացել մամուլի բարձր գնահատականին:
1988-93թթ. Մ.Հովհաննիսյանը աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (հետագայում «Արցախ») օրաթերթի գլխավոր խմբագիր: 1993-96-ին Մ.Հովհաննիսյանը նշանակվում է ԼՂՀ Նախարարների խորհրդի լրատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավար, 1995-98-ին «ԼՂ Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր:
Նա հեղինակ է մարդու բարոյահոգեբանական աշխարհն արտացոլող պատմվածքների ու ակնարկների («Իմ հին լորենի»-1970, «Գյուղացի մարդիկ»-1977, «Եվ սիրտն ասաց»-1980, «Նարնջագույն գիշերներ»-1983, «Շոգ»-1986, այլ ժողովածուներ): Արցախահայության կյանքը, նրանց ազատագրական հերոսամարտը, ըմբոստ ու մարտնչող ոգին և դեպի բարու հաղթանակն ունեցած աննկուն հավատն է արտացոլված Մ.Հովհաննիսյանի «Մենք» (1989), «Գնում ենք արևին դիմավորելու» (1991), «Արցախ իմ, ցավ իմ» (1988) ժողովածուներում:
1990թ. «Մենք» գրքի համար արժանացել է ՀԳՄ Դ.Դեմիրճյանի անվան մրցանակի, 2004թ. «Արցախ իմ, ցավ իմ» ժողովածուի համար` ԼՂՀ Եղիշեի անվան պետական մրցանակի: 2005-2009թթ. հրատարակվել է հեղինակի ստեղծագործությունների չորհատորյակը, 2006թ. լույս է տեսել նրա «Հարար-հարար» ժողովածուն, իսկ 2008-09թթ. «Չաստվածների խնջույքը» գիրքը: Արժանացել է ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, «Վաստակավոր լրագրող»-ի կոչմանը և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը