Հայաստանը ՄՄ-ի հետ բանակցությունները կսկսի ավելի քան 900 ապրանքների մաքսատուրքերի շուրջ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմել է այն ապրանքների ցանկը, որոնք ավելի ցածր մաքսային դրույքաչափերով են ներմուծվում Հայաստան, քան ՄՄ-ի համար գործող դրույքաչափերն են: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ցանկը կազմված է շուրջ 900 անուն ապրանքներից, սակայն դեռ ճշգրտումներ են արվում:
Նշենք, որ Մաքսային Միությունում ներկա պահին գործող մաքսատուրքերի դրույքաչափերի զգալի մասը գերազանցում է ՀՀ-ում ներկայումս գործող մաքսատուրքերի դրույքաչափերին: Կան նաև մի շարք ապրանքատեսակներ, որոնք ունեն մաքսատուրքերի հավասար կամ ցածր դրույքաչափեր ի տարբերություն Հայաստանի: ՄՄ-ում որոշ ապրանքների համար գործում են նաև սակագնային քվոտաներ:
Գ. Մելքոնյանի խոսքերով` այդ ապրանքատեսակների մասով կատարած ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ նպատակահարմար չէ բարձրացնել դրույքաչափերը: Այդ նպատակով գործարարների, տարբեր միությունների ղեկավարների հետ կազմակերպվել են ոլորտային քննարկումներ, որպեսզի ցուցակը հնարավորինս ճշգրտեն:
«Բոլոր հնարավոր զգայուն ապրանքները այդ ցուցակում ներառվել են: Նաև դիմում եմ մասնավոր ընկերություններին, բոլոր շահագրգիռ կառույցներին, որպեսզի ներգրավվեն քննարկումներում»,- ասաց Գ.Մելքոնյանը` հավելելով, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում հրապարակել են և Հայաստանի, և Մաքսային Միության մաքսատուրքերը և ցանկացած անձ կարող են դրանք տեսնել:
Ըստ նրա` ցուցակն արդեն ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձաժողովին և նախատեսվում է, որ մարտի սկզբներին կսկսեն ցուցակի շուրջ բանակցությունները:
«Որոշ ապրանքների մասով հնարավոր են սակագնային քվոտաների մեխանիզմներ կիրառվեն»,- ասաց փոխանախարարը:
Ինչ վերաբերում է երրորդ երկրների հետ առևտրային ռեժիմի և ԱՀԿ-ին առնչվող գործընթացներին, Գ.Մելքոնյանը նշեց, որ այս մասով ևս կան որոշակի ընթացիկ քննարկումներ, առաջիկայում դրա մասին կտեղեկացնեն:
Նշենք նաև, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը, ի թիվս մի շարք այլ փոփոխությունների, ենթադրում է նաև, որ երրորդ երկրներից կատարվող ներմուծումների ժամանակ Հայաստանը պետք է կիրառի մաքսային միությունում երրորդ երկրների նկատմամբ գործող մաքսատուրքերի միասնական դրույքաչափերը:
Մաքսային Միության միասնական մաքսային տարածք երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը սահմանված են Մաքսային միության Միասնական Մաքսային օրենսգրքով, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի կողմից: Որպես այս օրենսգրքի հիմք ընդունված է Ռուսաստանի Դաշնության Մաքսային օրենսգիրքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները