«Ադրբեջան. ռասիզմ առանց սահմանների». 10 տարի է անցել Գուրգեն Մարգարյանի սպանությունից
Վաղը` փետրվարի 19-ին, լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում պատրաստվել է «Ադրբեջան. ռասիզմ առանց սահմանների» տեսաշար` անգլերեն և ռուսերեն լեզուներով: Դրանում ներկայացված է աշխարհը ցնցած սպանության, Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և այնտեղ նրան հերոսացնելու պատմությունը:
Հատկանշական է, որ որպես սաունդթրեք հեղինակներն ընտրել են Դ. Շոստակովիչի 7-րդ՝ «Լենինգրադյան» սիմֆոնիայի այն հատվածը, որը հայտնի է որպես «ֆաշիստների հարձակում»:
Նշենք, որ մոտ օրերս համացանցում կհայտնվի նաև տեսանյութի հունգարերեն տարբերակը:
«Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից:
Հիշեցնենք Գ. Մարգարյանը սպանվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին: Հանցագործը, նույն այդ դասընթացների մասնակից, Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը քնած Մարգարյանին նախօրոք գնված կացնով 16 հարված էր հասցրել: 2006 թվականի ապրիլի 13-ին հունգարական դատարանը մարդասպանին ցմահ ազատազրկման էր դատապարտել` առաջին 30 տարվա ընթացքում առանց ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքի:
Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու մասին հայտնի դարձավ 2012 թվականի օգոստոսի 31-ին: Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին:
Սաֆարովի արտահանձնումը, ներումը և հերոսացումը դատապարտեցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ Պետդեպը, ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարությունները, ԵԽ գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ն և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Դատապարտող բանաձև ընդունեց նաև Եվրախորհրդարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան