Հովհաննիսյանը հեռացավ երաժշտության ուղեկցությամբ ու հրաժարվեց պատասխանել հարցերին
«Մենք երկրում կստեղծենք ազատ ընտրությունների անցկացման երաշխիքներ, որոնց միջոցով կընտրենք օրինական իշխանություն և ժողովրդական հաստատությունները կազատագրենք կաստայական կապանքներից», -այսօր «Անի պլազա» հյուրանոցում իր «ազգային տարեկան ուղերձը» քաղաքացիներին ներկայացնելիս ապագա ծրագիրը շարադրեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, դրանից հետո ոչ ոք չի համարձակվի ժողովրդից խլել իշխանությունը:
«Մեզ արդեն ոչ ոք չի կարող խաբել», -զգուշացրեց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ շատերը «թյուր» կարծիք ունեն, թե երկրում ոչինչ փոխել հնարավոր չէ, սակայն ինքն այդ կարծիքին չէ:
«Ոչ, հնարավոր է, հնարավոր է»,- պնդեց «Ժառանգության» առաջնորդը ու ներկայացրեց. «Ընտրակեղծարարներն իսկույն անձնատուր կլինեն, եթե հայտնվեն մի իրավիճակում, որտեղ իրենց հնարքներն այլևս չանցնեն: Մեր խնդիրը հենց այդպիսի իրավիճակի ստեղծումն է: Անցյալ տարի մեր ժողովրդի իրականացրած վճռի իրականացումից մեզ մի մազաչափ հեռավորություն էր բաժանում: Ընդամենը անհրաժեշտ էր, որ ընտրական հանձնաժողովներում ընդգրկված գոնե ընդդիմադիր ուժերի նաև մեր ներկայացուցիչները ազնիվ լինեին, պահեին ձայները, բայց ավաղ, որոշները գնացին մեղսակցության: Ցավոք, ծով ցանկությամբ հանդերձ մենք ազգովի այդ քայլին գնալուն պատրաստ չէինք»:
Նրա առաջարկած տեսության համաձայն, պայքարի «հանգանակը» ժողովրդավար և համապարփակ ընդդիմության ապա` իշխանության ստեղծումն է: Նա հիշեցրեց քաղաքացիների հետ իր ուխտը` «չճանաչել կուսակցապետությունը ու հրաժարվել նրա հետ որևէ գործ ունենալուց»:
«Սա, ի վերջո, միաձայն միահեծան Հանրապետականի դեմ պայքար չէ, այնտեղ էլ կան երկրի ու ժողովրդի վաղվա օրով մտահոգ առանձին մարդիկ: Մեր պայքարը Հայաստանի ազատագրման ու ապագայի փրկության համար է», -ձևակերպեց Հովհաննիսյանը:
2013-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններից ստացած դասը, ըստ Հովհաննիսյանի, ազատ ընտրությունների համար հուսալի նախադրյալներ ստեղծելն է` «հիմնովին ջարդելով զեղծարարության և թվանկարչության ընտելացած մեքենան»:
Նախորդ տարվա փետրվարի 18-ին տեղի ունեցածը, Հովհաննիսյանի խոսքով, «ընտրագողություն է, որին մասնակցել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ ու զինվորներ»:
Նրա` շուրջ մեկ ժամ տևած ելույթը պարբերաբար ընդհատվում էր ծափահարություններով: Ելույթի ավարտից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հեռացավ երաժշտության ներքո և հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
«Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ առաջիկայում Հովհաննիսյանը հանդես կգա մամլո ասուլիսով և կպատասխանի բոլորի հարցերին:
Նախորդող հրապարակումներ`
Ձեզ լիքը կարոտել եմ. Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է գալիս ուղերձով
Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրել է` որն է «զադնի չկա»-ի կանոնը