Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրել է` որն է «զադնի չկա»-ի կանոնը
«Մենք միասին պետք է ճեղքենք այս փակ շրջանը». այսպես է վերնագրել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը իր «ազգային տարեկան ուղերձը», որը նա այս պահին կարդում է «Անի պլազա» հյուրանոցում, քաղաքացիների ներկայությամբ:
«Փետրվարի 18-ն է, անցյալի և ապագայի ջրբաժանը, ազգային ապստամբության օր է և ոչ երբեք` պետական արկածախնդրության», -սկսեց Հովհաննիսյանը և քաղաքացիներին առաջարկեց հոտընկայս հարգել Հայաստանի անկախության համար ընկած նվիրյալների հիշատակը:
1 րոպեանոց լռությունից հետո «Ժառանգության»` ԱՄՆ-ում երկար ժամանակ անցկացրած ու բոլորովին վերջերս վերադարձած Հովհաննիսյանը շարունակեց և ասաց, որ «Ժառանգություն»-ը չի լքել «մարտադաշտը»:
«Վերակազմակերպման այս փոքրիկ հանգրվանը ուժ ու ծավալ հավաքելու, էլ ավելի զորեղանալու համար է, քանի դեռ խոչընդոտը լիովին հաղթահարված չէ: Սա է «զադնի չկա»-ի հեռահար կանոնը», -հայտարարեց Հովհաննիսյանը` նկատելով, որ այս ընթացքում հետընտրական պայքարի իրենց թափը չի կոտրվել:
Նա կոչ արեց բոլորին հույսեր չփայփայել, քանզի «Ժառանգություն»-ը միշտ եղել ու այսուհետ ևս կլինի հանրության, իրենց իրավունքների պաշտպանության համար դուրս եկած քաղաքացիական հոսանքների կողքին:
Նրա խոսքով, «ապօրինի իշխանությունը մեկուսացնում ու վարձակալության է տալիս երկիրը»:
«Այն, ինչ ունենք ներկայում, անցյալ տարվա փետրվարի 18-ի ապօրինի վարչակարգի վերարտադրության արդյունք է, ուր իշխանության արտաքին հովանավորության փնտրտուքներում գործող նախագահը միջազգային հարթակներում մեկուսացրեց մեր երկիրը: ՀՀ արտաքին քաղաքականության մեջ գերիշխում է վասալային փոխգործակցության ոճը», -հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ մեկ գիշերվա մեջ «գիծ քաշվեց» Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրին ու նախընտրվեց Մաքսային միության «մշուշոտ ուղին»:
Նախորդող հրապարակում`
Ձեզ լիքը կարոտել եմ. Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է գալիս ուղերձով