Իսոյի փաստաբանը ոստիկանությանը մեղադրում է անձի անմեղության կանխավարկածը խախտելու մեջ
Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Իսրայել Սարգսյանի (Իսո) փաստաբան Գայանե Գալոյանը վրդովված է գործի նախաքննությունը վարող ոստիկանության գործողություններից:
Հիշեցնենք` օրերս ոստիկանությունը հեռուստատեսությամբ և պաշտոնական կայքում ցուցադրել էր բացառիկ կադրեր, թե ինչպես է ծրագրվել ու կատարվել Արթուր Սաֆարյանի սպանությունը և պնդում էր արել, որ սպանության պատվիրատուն Իսրայել Սարգսյանն է:
«Իմ պաշտպանյալին ու ինձ նախաքննական մարմինը չի տեղեկացրել, թե ինչպես է ձեռք բերել այդ տեսանյութը: Այդ տեսանյութը, որպես ապացուցողական նշանակություն ունեցող փաստ, դեռևս Իսրայել Սարգսյանին չեն ներկայացրել, բայց անմեղության կանխավարկածն են խախտում: Անձը երբ է մեղավոր, երբ դատարանի դատավճիռ կա, իսկ նրանք աջ ու ձախ հայտարարում են, թե Իսրայել Սարգսյանը սպանության պատվիրատու է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում վրդովված ասաց փաստաբան Գալոյանը:
Նրա խոսքով, եթե Իսրայել Սարգսյանի հարազատների հետ որևէ բան պատահի, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նախաքննական մարմնի վրա:
«Կարծես հատուկ դիտավորությամբ թշնամություն են ցանկանում սերմանել, երբ գոյություն ունի անմեղության կանխավարկած, երբ այդ տեսանյութը փորձաքննության չի ենթարկվել: Ինչպե՞ս կարելի էր այդ տեսանյութը հրապարակել», -շարունակեց տիկին Գալոյանը:
Մեր հարցին, թե փաստաբանը չի բացառում, որ քրեական հեղինակություն համարվող կայարանցի Թևոսիկը հաշվեհարդար տեսնի Իսոյի հարազատների նկատմամբ, տիկին Գալոյանը պատասխանեց. «Գիտեք, ես չգիտեմ` նա ինչպես մտածում, դա իմ համար անհասկանալի բան է, բայց երբ մարդը վշտի մեջ է, չի կարելի անընդհատ այդ վիշտը փորել-փորել: Ես նախաքննական մարմնի կողմից դիտավորություն եմ տեսնում»:
Նա ասաց, որ պատրաստվում է առաջիկայում հանդես գալ մամլո ասուլիսով ու ներկայացնել իր դիտողությունները նախաքննական մարմնի գործողությունների վերաբերյալ:
Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված են Իսրայել Սարգսյանն և Տիգրան Ասատրյանը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (38-104-ը` հանցագործության կազմակերպիչ), 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով), 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել): Իսկ Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել) և 335 հոդվածի 1-ին մասով (հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը):
Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը կալանավորված են:
Նախորդող հրապարակումներ`
Թևոսիկի եղբոր սպանության պատվիրատուն սպանությունից հետո հիվանդանոցում ցավակցել է հարազատներին. Մանրամասներ (տեսանյութ)
Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանությունը կատարողին Իսոն հյուրանոցում սպանել է. Բացահայտում
Իսոյի և Տիգրան Ասատրյանի մեղադրանքը խստացվել է