Հետաքրքիր մանրամասներ՝ ԲՀԿ դռնփակ համագումարից
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ դռնփակ համագումարից հետո հրավիրված քաղխորհրդի նիստից «Ժողովուրդ»-ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթը կարդալուց հետո ավելի առարկայական է խոսել։ Նա ասել է, որ «2 ամսվա ընթացքում պետք է որոշվի, թե ով ինչի համար է պատասխան տալու»։
Շատ ԲՀԿ-ականներ չեն հասկացել, թե ինչ է նկատի ունեցել։ Այնուհետև հայտարարել է, թե «մեր թիրախը ՀՀ կառավարությունն է, քանի որ ՀՀ վարչապետն է մեր երկիրը կործանում»։
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից պարզել, թե ինչ է նկատի ունեցել ԲՀԿ նախագահը։
«Պարոն Ծառուկյանն ասել է, որ եռամսյակի ընթացքում յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի իր կատարած աշխատանքի համար, խոսքը մեր ձևավորված կառույցների, հանձնաժողովների, ղեկավարների մասին է: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ի «թիրախ» դարձած կառավարությանը, ապա «պարոն Ծառուկյանը, ինչպես նաև ԲՀԿ թիմակիցները, միշտ էլ ասում են՝ մեր թիրախը մեր երկրում ՀՀ քաղաքացու պրոբլեմներն են, իսկ պատասխանատվությունը պետք է կրեն բոլոր նրանք, ովքեր այդ պրոբլեմների առաջացման մեջ մեղավորություն ունեն»: