«Դե կխանգարեն` կխանգարեն, ինչ ասեմ....». Ավագանու կին անդամ
Panorama.am-ի հետ զրույցում վերջերս Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի ղեկավար Վանյա Դամիրչյանն ասաց, որ շատ է ուզում, որպեսզի համայնքի ավագանիում գոնե մեկ կին ներկայացված լինի: Ավելին` վստահեցրեց, որ ցանկանում է անձամբ զբաղվել կանանց այդ գործընթացին ներգրավելով, առավել ևս, որ երկու թեկնածու աչքի տակ ունի: Պարզեցինք, որ համայնքապետը ոչ միայն ասում էր, այլև գործում. արդյունքում մարտի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում համայնքում հինգ տղամարդ թեկնածուների հետ առաջադրվել է նաև 57-ամյա Օֆելյա Բրդոդյանը:
«Հարգելով մեր համայնքի ղեկավարին, որոշեցի ես էլ անպայման ավագանի լինեմ: Երկար տարիների աշխատանքի փորձ ունեմ, շրջապատում հարգված եմ, հիմա էլ տեսնեմ` ժողովուրդը ինձ հարգում ա, թե չի հարգում.... երկրորդն էլ ուզում եմ մեր հարգելի գյուղապետի կողքին ինչ-որ կերպ լինեմ, օգնեմ: Տեսնենք կհաջողվի»,- Panorama.am-ին իր որոշումը բացատրեց Օ.Բրդոդյանը:
Ի դեպ, վեց տարի առաջ նա նույնիսկ մտածել է առաջադրվել համայնքի ղեկավարի պաշտոնի համար, սակայն այդպես էլ չի արել դա:
Երկար տարիներ տիկին Բրդոդյանն աշխատել է «էլեկտրո»-ում ու շատ լավ գիտի, թե որոնք են համայնքի առջև ծառացած առաջնային խնդիրները: Հարցին, թե ավագանու անդամ ընտրվելուց հետո ո՞ր հարցն է, որ առաջնահերթ կբարձրաձայնի, մեր զրուցակիցն ասաց, որ ամենասուրը համայնքի ոռոգման ջրի խնդիրն է:
«Գյուղը ոռոգման ջուր չունի, տենանք` ոնց կարելի է այս հարցը լուծել, ում դիմել, որ առաջ ընկնի հարցի լուծումը: Մեր գյուղը անապատ է դարձել դրա պատճառով... իմ ծնողները Սիրիայից եկած են, այսօրվա դրությամբ ոչինչ չեն կարողանում անել` ոչ հող ունենք, ոչ այգի` անապատ ա, ջուր չկա»,- նշեց Օ. Բրդոդյանը:
Հենց դրանից ելնելով էլ գյուղը, ըստ նրա, դատարկվել է` մարդիկ եթե մի բան էլ ցանում են, տերը չեն, քանի որ հավաքելու բան չունեն ու թողնում հեռանում են համայնքից. «Տների մեծ մասը դատարկ, կողպած են: Արտագաղթը ահավոր ա մեր գյուղը դատարկել»:
Ինչ վերաբերում է համայնքային դպրոց-մանկապարտեզին, ապա երկուսն էլ կան, նորմալ գործում են, բայց երեխաներն են քիչ...
Հարցին, չի վախենում, որ տղամարդ-մրցակիցները կխանգարեն իր հաղթանակին, տիկին Բրդոդյանն ասաց. «Դե կխանգարեն` կխանգարեն, ինչ ասեմ: Բայց չեմ մտածում, որ խնդիր լինի, ամեն դեպքում մեր գյուղապետը կնոջ ոտքը չի տրորի... տեսնենք»:
Հիշեցնենք, մարտի 9-ին ՀՀ մի շարք մարզերում կայանալու են ՏԻՄ ընտրություններ: