Մահացել է մեծանուն նկարիչ Ստեփան Մինասյանը
Մեծանուն նկարիչ Ստեփան Արմենակի Մինասյանը նախօրեին ժամը 21:00-ի սահմաններում մահացել է:
«Երկու օր առաջ ընկել էր, երևի գլուխն էր պտտվել: Ուժեղ հարվածից ուղեղում հեմատոմա էր առաջացել: Ուղեղի բջիջները չէին գործում: Ոչինչ չկարողացանք անել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց նկարչի թոռնուհին՝ Լիդա Մինասյանը:
Նա նաև նշեց, որ Ս. Մինասյանի հոգեհանգիստը կկայանա հինգշաբթի, վերջին հրաժեշտը և հուղարկավորությունը՝ ուրբաթ:
Ստեփան Մինասյանի (ծնվ.1929 թ.) ստեղծագործական աշխարհը բազմազան է` տարաբնույթ ժանրերը, ոճային տարբերություններն ու ոլորապտույտ թեմաները, որոնք լինելով անչափ վեհաշուք և ակնահաճո, ընդամենը մի նպատակի են միտված` ստիպել դիտողին ընկղմվել նրանցից յուրաքանչյուրի ներքին հոգեբանափիլիսոփայական և արտաքին գունագծանկարչական էության իրական փնտրտուքի մեջ: Եվ, թերևս, դրանք այնքան պարզ են, այնքան դուրեկան և առինքնող, և միևնույն ժամանակ այնքան բարդ, բազմիմաստ և խորաթափանց…
Արվեստաբան Օֆելյա Զաքարյանը նկարչի մասին գրել է. «Ինչպես, որ հավեժ է արվեստը, այնպես էլ չի մահանում արվեստագետի հոգին, և նրա անունը միշտ վառ են պահում նրա գործերը: Հզոր է արվեստը, և ուժեղ է արվեստագետի մղումը դեպի այն. ստեղծագործական ավյունը անսահման է ու անսպառ: Երբ կոչումը տրված է ի վերուստ, ճանապարհն այլևս վճռված է, և անսահման մղումը դեպի արվեստը կյանքից վեր է և անկառավարելի»:
Գեղանկարիչ և մանկավարժ. սա է արվեստագետ Ստեփան Մինասյանի կոչումը: Շուրջ 60 տարվա մանկավարժական գործունեության ընթացքում գեղանկարիչը սերունդներ է կրթել, սիրել ու սիրվել իր կյանքի և գեղանկարչի ձեռքբերումները, գիտելիքներն ու փորձն անձնվեր փոխանցել նրանց` ամեն մեկի մեջ տեսնելով ինքնատիպ ստեղծագործողի, բացահայտել շնորհալիներին նրանց մեջ սերմանել բարին, գեղեցիկը, սերը:
Նա իր սաներին բոլոր «իզմ»-երից առավել ուսուցանել է ռեալիզմ, որպեսզի նրանք լիարժեք մասնագետներ դառնան: Այսօր նրանցից շատերը հայտնի նկարիչներ են և բարձր են պահում հայ գեղարվեստի պատիվը Հայաստանում և արտասահմանում: Ստեփան Մինասյանը դասավանդել է Հանրապետության բուհերում և դպրոցներում:
Ստեփան Մինասյան-Ես երբեք այն կարծիքի չեմ եղել, որ մարդ ինչ գիտի պետք է տանի իր հետ: Հիշում եմ, որ դեռ փոքրուց սիրում էի խորհուրդներ տալ, իհարկե՝ նպատսավոր և ճիշտ, ու սիրում էի սովորեցնել: Ես շատ եմ սիրում երեխաներին և նրանց հետ աշխատելը ինձ համար հաճույք է: Ես կարծում եմ, որ ուսուցիչը պետք է անմնացորդ իր գիտելիքները շատ կարճ ժամանակում և ճիշտ մեթոդներով փոխանցի նրանց: Սկզբունքը ամենակարճ ժամանակամիջոցում սովորեցնել այնքան, որքան որ սովորեցնել են հին վարպետները 2 տարվա ընթացքում: Դասվանդման ընթացքում միշտ ստեղծագործաբար եմ մոտեցել նրանց՝ երեխաներին, հետո՝ ըստ իրենց պատրաստվածության, ստուգում եմ նրանց գիտելիքները, հետո ըստ այդ ես կազմակերպում եմ իմ կոնստրուկտիվ մեթոդը: Կարող եմ ասել, որ այսօրվա երեխաներն ավելի զարգացած են, քան անցյալում:
-Երբ նկատվեց սերը դեպի արվեստը:
Ստեփան Մինասյան-Դեռ մանկուց սիրում էի արվեստի բոլոր ճյուղերը` կինոն, թատրոնը, կրկեսը, երաժտությունը, բայց երբեք չէի կարծում, որ ընտրելու եմ նկարչությունը: Նկարում էի դեռ փոքրուց՝ մանկապարտեզից: Դաստիրակչուհիս նշանավոր մանկավարժ Նազիկ Մազմանայանն էր, ով մանուկների մեջ կրթում էր գեղեցիկ վարվելաձև և զարգացման հստակ խոսելաձև: Նա ինձ անվանում էր փոքրիկ նկարիչ:
Ստեփան Մինասյանը գերազանց առաջադիմությամբ ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը, ապա՝ գեղարվեստի ակադեմիան՝ սկզբում գրաֆիկայի, ապա՝ թատերական ձևավորման բաժինները: Աշակերտել է նշանավոր նկարիչներ Բաբկեն Քոլոզյանին, Հակոբ Կոջոյանին, Մարտիրոս Սարյանին:
Ստեփան Մինասյանը ուսանողական տարիներից մասնակցել է տասնյակ խմբակային ցուցահանդեսների, ունեցել բազմաթիվ անհատական ցուցադրություններ: Երկար ժամանակ եղել է թատերական նկարիչ, 10-ից ավել ներկայացումների ձևավորումմների հեղինակ է: Անընդմեջ և փնտրումների անդադար աշխատանքի և դեպի գեղանկարչությունը ունեցած սիրո շնորհիվ արարվել են շուրջ 500 կտավներ և 1000-ից ավելի գրաֆիկական աշխատանքներ: Հայաստանի բնությունը և իր սիրելի կողակիցը նրա ներշնչանքի աղբյուրն է և այդ են վկայում բազմաթիվ բնակարանների շարքերը, կնոջ դիմանկարները: Հատկապես սիրել է դիմանկարներ նկարել: Նա խոստովանում է, որ մարդու դեմքից, հատկապես աչքերից ճանաչում է նրանց: Հատկապես հատկանշական են երազաշարերը:
Ստեփան Մինասյան-Ես ունեմ նկարաշար, որտեղ բոլոր նկարներն իմ տեսած երազների արդյունքն են: Կարող եմ նույն երազը մի քանի անգամ տեսնել, նա օգնում է ինձ աշխատելիս տեսածս վերհիշել և կտավի վրա վերարտադրել: Իմ երազներում միշտ սպիտակ բեղ-մորուքով մի մարդ, ձեռքս բռնած, ուղեկցում է ինձ: Չգիտեմ` հավատում եմ երազներին, թե ոչ. պարզապես աշխատանքներ ստեղծելիս ես օգտվում եմ դրանցից:
Նա բազմաթիվ գրքերի ձևավորումների հեղինակ է: Մշակույթի պալատների, գործարանների համար որմնանկարներ է արել, հեռուստատեսության համար գրել է սցենարներ, լրագրերում, ամսագրերում հրապարակած գիտական հոդվածների հեղինակ է: Նկարչի աշխատանքներից կան տարբեր թանգարաններում, մշակութային ֆոնդերում, դպրոցներում, արտերկրում, տարբեր անհատական հավաքածուներում: Գեղանկարչի վրձնին են պատկանում Ամենայն հայոց Կաթողիկոսների Ներսես Աշտարակեցու, Գևորգ Չորեքչյան, Խորեն Առաջին, Մատթեոս Իզմիրյանի, Գևորգ Հինգերորդի յուղաներկ դիմանկարները, որոնք գտնվում են Էջմիածնի Մայր Աթոռի Վեհարանում: Այս նկարները նաև պատվիրել է Ամենայն Հայոց Կաթղիկոս Վազգեն Առաջինը: 1954 թվականին, երբ Ստեփան Մինասյանն առաջին անգամ հանդիպեց Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին, 25 տարեկան էր: Այդտեղից էլ սկսվեց շնորհալի գեղանկարչի և Վեհափառի մտերմությունը:
Ստեփան Մինասյան-Վազգեն Առաջինը մեծություն էր: Իմ կյանքում դեռ այդքան մարդասեր, խորագիտակ ու տրամաբանող անհատականության չեմ հանդիպել: Շատ եմ ափսոսում, որ նրան չեմ նկարել, սակայն մի կարևոր հանգամանք կար, ես ինձ իրավունք չէի վերապահում՝ մեծ վարպետից Մարտիրոս Սարյանից հետո նրան նկարել: Վազգեն Առաջինի հետ մենք անքուն գիշերներ ենք լուսացրել, երկար զրուցել հուզող հարցերի շուրջ: Նա փայլուն երաժշտագետ էր:
Տարիները սլանում էին, իսկ սերը դեպի արվեստը՝ գեղանկարիչ Ստեփան Մինասյանի մոտ ավելի ուժեղանում»:
Նախորդող հրապարակում՝
Իրենից սփռում է բարություն, գեղեցիկն ընկալելու անհագ ցանկություն… Ստեփան Մինասյան (լուսանկարներ)