Լրտեսական խաղեր` ադրբեջանական ձևով
Լրագրող Խադիջա Իսմայլովայի ներկայացրած «ծախված» ընդդիմադիր գործիչների ցուցակում հենց նրանք են հայտնվել, ովքեր հանդես են եկել ընտրակեղծիքների դեմ: Այս մասին ասվում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության կայքում տեղադրված հոդվածում:
«Ծախվածների շարքում հայտնվել են բոլոր այն մարդկանց անունները, ովքեր ընդգրկված էին նախագահական ընտրությունների ընտրարշավում և լուրջ վնաս են հասցրել ընտրական գործընթացի իմիջին»,- ասվում է հոդվածում:
Հեղինակը նշում է, որ այս լրտեսական խաղերը սկսվել են անցած տարվա սկզբին, երբ փորձել են «Թուրանի» տնօրեն Մեհման Ալիևին ներկայացնել որպես Ադրբեջանում հեղափոխության սցենարի կողմնակից, նույնիսկ կազմակերպիչ:
«Հունվարին «Թուրանի» տնօրենին ներկայացրել են, որպես ամերիկյան գաղտնի ծառայությունների համար աշխատող, իսկ փետրվարին` ադրբեջանական: Կարելի է սպասել, որ նոր հետախուզական կապեր կբացահայտվեն այլ հատուկ և ոչ հատուկ ծառայությունների հետ»,- գրում է հեղինակը:
Ըստ հոդվածի` լրտեսական խաղերը նախաձեռնողները, սցենարիստները և կատարողները հիմնականում նպատակաուղղված են ընդգծել քաղաքացիական հասարակության ակտիվիստների ծախու էությունը և վարկաբեկել նրանց, թե ներքին, և թե միջազգային հանրության առաջ:
Հոդվածում ասվում է, որ այսպիսի դեպքեր դեռ շատ կլինեն, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հնարավորինս առաջ կտանեն այս քաղաքականությունը` մինչ մի շարք կարևորագույն միջոցառումների սկսվելը, ինչպիսին են Ադրբեջանի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելը, Եվրոպական օլիմպիական խաղերը և խորհրդարանական ընտրությունները: Այս ընթացքում միջազգային ուշադրությունը սևեռված կլինի դեպի Ադրբեջան և հետևաբար, այս ժամանակաշրջանում իշխանությունները ստիպված կլինեն նվազեցնել ճնշումները հասարակության հանդեպ:
«Սակայն, դա միայն ժամանակավոր բնույթ կկրի, քանի որ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը, որը որդեգրել է քաղաքացիական իրավունքները և ազատությունները ճնշելու վարքագիծը, երբեք չի փոխի այն»,- ամփոփում է հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում