Կոմպոզիտորների միության նախագահը` արված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին
Կոմպոզիտորների միությունը շարունակում է աշխատել, իսկ Արամ Սաթյանն արդեն 100 օրից ավելի է, ինչ ղեկավարում է կառույցը:
«Այս ընթացքում ահագին բան արեցինք: Փորձում ենք ստեղծել տեխնիկական բազա, որ աշխատացնենք Կոմպոզիտորների միության Դիլիջանի հանգստյան տունը: Միության ստուդիան ենք վերականգնում, որ նորմալ աշխատի, ինձ թվում է` Հայաստանի լավագույն ստուդիաներից մեկը կլինի»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Կոմպոզիտորների միության ղեկավարի խոսքով, վերականգնվում է նաև միության դահլիճը և գարնանն արդեն կընդունեն առաջին այցելուներին. «Մարդիկ նորից կտեսնեն Սարյանի պաննոն` ձեռագիրը` պատից կախված: Գործ արվում է, ես կարծում եմ, որ հետագայում ավելի լավ կլինի»:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Արամ Սաթյանը տեղեկացրեց, որ ապրիլի վերջին Ռուսաստանի երիտասարդ կոմպոզիտորներն են գալու Հայաստան` երկու համերգով, մեր կոմպոզիտորներն էլ փոխայցելությունով երկու համերգ կունենան Ռուսաստանում:
«Արվում է փառատոն, որտեղ արդեն մայիսին կհնչեն հայ երիտասարդ կոմպոզիտորների կամերային ստեղծագործություները: Եվ կլինի մի սիմֆոնիկ համերգ ապրիլի 24-ին, որտեղ կհնչեն կոնսերվատորիան նոր ավարտողների դիպլոմային աշխատանքները: Դա մեծ բան է, երբ կոմպոզիտորը լսում է իր ստեղծագործությունը բեմից` նվագախմբի կատարմամբ»,- ասաց Արամ Սաթյանը:
Հիշեցնենք, որ Արամ Սաթյանը «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» ՀԿ նախագահ էր ընտրվել անցյալ տարվա հոկտեմբերի 28-ի կառույցի համագումարում:
Նախորդիվ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները