Երկաթուղայիներին ստիպում են ֆոնդ ընտրել
Երկաթուղայիների վրա ղեկավարության կողմից ճնշում է գործադրվում՝ նրանց ստիպում են գնալ և «կամավոր» իրենց կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ ընտրել: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին հայտնել են թերթի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աղբյուրները: Առանձին բաժիններում պետերը ճնշում են մարդկանց: Անգամ սպառնում են աշխատանքից հեռացնել:
«Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը ՀԿԵ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահե Դավթյանից պարզաբանումներ է խնդրել իրավիճակի վերաբերյալ: Վերջինս թերթի թղթակցին հայտնել է, որ նման տեղեկություններ չունի և այդպիսի բան առաջին անգամ է լսում:
«Ես ինքս էլ ընկերության աշխատակից եմ, և որևէ մեկն իմ նկատմամբ ճնշում չի կարող գործադրել, նույնը կարող եմ ասել իմ ծանոթ գործընկերների մասին»,-ասել է Վ.Դավթյանը:
Նա հայտնել է, որ ընկերության որոշ աշխատակիցներ ընտրել են իրենց ֆոնդերի կառավարիչներին, բայց դա արել են իրենց ցանկությամբ: Իսկ թե այդպիսի աշխատակիցների թիվն քանիսն է, Դավթյանը չի կարողացել նշել, քանի որ նման վիճակագրություն չկա, և դա մարդկանց անձնական գործն է:
Այնուամենայնիվ, թերթի տեղեկություններով, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության բաժնի պետերը կադրերի բաժնից պահանջել են համապատասխան ցուցակներ, որպեսզի ճշտեն՝ ով որ ֆոնդն է ընտրել և ով՝ չի ընտրել: