Լ. Հովսեփյան. Թուրքիան փորձում է կայացնել եռակողմ առանցք
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը Անկարայի դիվանագիտական նոր նախաձեռնություններից է, արտաքին քաղաքականության իրականացման նոր մեխանիզմներից: Թեև նման ձևաչափով հանդիպումների մեկնարկը տրվել է 2012 թ., Անկարան փորձում է այն դնել համակարգային հիմքերի վրա: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` մեկնաբանելով այսօր Գանձակում (Գյանջա) Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:
Ըստ թուրքագետի` Թուրքիան դրանով ցանկանում է նաև տարածաշրջանում ձևավորել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմավարական առանցքը, որի ուղղությամբ ակտիվ քայլեր է իրականացնում:
Անկարայի համար նման դաշինքի կայացումը տարածաշրջանում բավական շահեկան է և նման ձևաչափով նաև Թուրքիան փորձում է մեծացնել իր դերակատարությունը Հարավային Կովկասում: Ադրբեջանի և Վրաստանի նկատմամբ ունեցած ազդեցությունը Թուրքիան ցանկանում է վերածել ինստիտուցիոնալ եռակողմ դաշինքի:
«Նման առանցքի մի կողմն ուղղված է Ռուսաստանի, Իրանի, մյուս կողմն էլ` Հայաստանի դեմ: Բացի տնտեսական, էներգետիկ ու ռազմական ոլորտում համագործակցության զարգացումից, Թուրքիայի համար առաջնահերթ կարևոր է դառնում այդ երկրների հետ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության համակարգման խնդիրը, այսինքն` արտաքին քաղաքականության մի շարք խնդիրների նկատմամբ միասնական մոտեցման որդեգրման հարցը: Եթե Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքը կայացած է, ապա Վրաստանին եռակողմ ձևաչափով դաշինքի մեջ ներգրավումը Թուրքիայի կարևոր խնդիրներից է: Թուրքիայում միգուցե կա մտավախություն Վրաստանում իշխանափոխությունից հետո թուրք-վրացական հարաբերությունների մասով, քանի որ նախկին իշխանությունների դեպքում եթե ամեն ինչ պարզ էր, ապա Անկարայի համար ներկայում որոշակի անորոշություն կա», - ասաց Լ. Հովսեփյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում