«Մարդասպանին ներում շնորհելուց հետո Ադրբեջանի դիմաց շատ դռներ պետք է փակվեին». Լ. Ալավերդյան
Տասը տարի անց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը առ այսօր համապատասխան միջազգային գնահատականի չի արժանացել: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Կարծում եմ, Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցները պետք է պատրաստեն այդ գործին վերաբերվող փաստաթղթեր և դիմեն միջազգային կազմակերպություններ՝ ԵՄ, Եվրոպայի Խորհուրդ, ՄԱԿ: Այս հարցը պետք է ստանա համապատասխան միջազգային գնահատական, քանի որ խոսքը ոչ միայն հայ սպայի սպանության մասին է, այլ Ադրբեջանի կողմից տարվող այլատյացության, այդ թվում նաև հայատյացության քաղաքականության»,- նշել է նա:
Մարդու իրավունքների առաջին պաշտպանը կարծում է, որ Սաֆարովին ներում շնորհելուց հետ հայկական կողմը պետք է անմիջապես Ադրբեջանին դատի տար:
Լ.Ալավերդյանը համոզված է, որ Ռամիլ Սաֆարովը իր պետության պատվերն է իրականացրել, ինչի համար էլ վարձատրվել է:
Նրա խոսքերով՝ համապատասխան միջազգային գնահատականի բացակայությունը բերել է նրան, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում իրեն խոցելի չի զգում: Մինչդեռ, մարդասպանին ներում շնորհելուց հետո Ադրբեջանի դիմաց շատ դռներ պետք է փակվեին:
«Գուրգենի սպանությունը հարկավոր է դիտարկել Ադրբեջանի կողմից տարվող այլատյացության համատեքստում: Միջացգային հանրությունը պետք է հասկանա, որ անպատժելիության դեպքում կացինը կարող է բարձրացվի նաև Ադրբեջանում բնակվող փոքրամասնությունների վրա: Դա ոչ միայն հայերի համար է սպառնալիք, այն նաև տարածաշրջանի անվտանգության»,-հավելել է Լ.Ալավերդյանը:
Հիշեցնենք Գ. Մարգարյանը սպանվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին: Հանցագործը, նույն այդ դասընթացների մասնակից, Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը քնած Մարգարյանին նախօրոք գնված կացնով 16 հարված էր հասցրել: 2006 թվականի ապրիլի 13-ին հունգարական դատարանը մարդասպանին ցմահ ազատազրկման էր դատապարտել` առաջին 30 տարվա ընթացքում առանց ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքի:
Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու մասին հայտնի դարձավ 2012 թվականի օգոստոսի 31-ին: Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին:
Սաֆարովի արտահանձնումը, ներումը և հերոսացումը դատապարտեցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ Պետդեպը, ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարությունները, ԵԽ գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ն և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Դատապարտող բանաձև ընդունեց նաև Եվրախորհրդարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան