Ն. Զոհրաբյան. ԲՀԿ-ն կմիանա ՀԱԿ-ի նախաձեռնությանը
«Այո, եթե մեր գործընկեր ՀԱԿ-ը նման նախաձեռնությամբ հանդես գա, ապա ԲՀԿ-ն որպես նախագծի համահեղինակ կմիանա: Մեզ համար շատ կարևոր է, որ ստեղծվի մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե առաջիկա քառօրյա նիստում ՀԱԿ-ը հանդես կգա նման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ և ԱԺ ոչ իշխանական ուժերը կմիանան դրան:
Ն. Զոհրաբյանի խոսքով, ԲՀԿ-ն կարևորում է հանձնաժողովի ստեղծումը շատ հարցերի պատասխաններ ու պարզաբանումներ ստանալու ակնկալիքով ու մասնավորապես` տասը մահվան դեպքերի հետ կապված:
«Գաղտնիք չէ, որ ուղղորդված կերպով տարբեր կենտրոններից անընդհատ լուրեր են տարածվում, ուր նշվում է ԲՀԿ-ի անունը: Մենք պնդելու ենք, որ ստեղծվի նման հանձնաժողով և բաց ու հրապարակային քննարկվեն բոլոր այն հարցերը, որոնց պատասխանները այս տարիների ընթացքում ինչ-ինչ պատճառներով այդպես էլ հնարավոր չեղավ ստանալ»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանը:
Նախորդիվ`
ԱԺ այս քառօրյայում էլ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը չի քննարկվի