ԱԺ այս քառօրյայում էլ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը չի քննարկվի
ԱԺ հերթական քառօրյային ընդառաջ ամենաքննարկվողը ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի կողմից կառավարությանը անվստահությունը հայտնելու գործընթացն է, որը, ըստ շրջանառվող լուրերի, սպասվում է քառօրյայի առաջին հենց նիստում` երկուշաբթի օրը: Սակայն Panorama.am-ի խորհրդարանական աղբյուրների հաղորդմամբ` փետրվարի 24-ին մեկնարկող քառօրյայում էլ այդ հարցը չի բարձրաձայնվի, քանի որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը այլ ծրագրեր ունեն:
Ըստ մեր աղբյուրի, առաջիկա քառօրյան ինքնին լինելու է բավականին հագեցած, քանի որ և ընդդիմությունն է արտահերթ կարգով օրակարգ քննարկման հարց դնելու, և քաղաքական մեծամասնությունը: Վերջինս, ինչպես գիտենք, առաջարկել է ստեղծել գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով, որի անդամների թեկնածուները խմբակցությունները կներկայացնեն արդեն այս ուրբաթ, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ հրավիրված քննարկման ժամանակ էլ խմբակցությունները միմյանց են փոխանցել հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների մասին իրենց նախագծերը:
Երկրորդ արտահերթ հարցը վերաբերում է մարտի 1-ի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն. առաջարկով կրկին հանդես կգա ՀԱԿ-ը և արդեն իսկ կանխատեսելի է, որ խորհրդարանական ընդդիմությունը կմիանա դրան` երկուսի օրակարգ ներառվելու համար անհրաժեշտ է 44 ստորագրություն և գոնե դա, ըստ ամենայնի, կապահովվի:
Ինչ վերաբերում է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին, ապա Panorama.am-ի աղբյուրը նշեց, որ խմբակցությունները համաձայնել են մեկ քառօրյայով հետաձգել այդ հարցի բարձրացումը ոչ միայն այս երկու հանձնաժողովների ստեղծման հարցի քննարկման պատճառով, այլև մարտավարական տեսանկյունից: Այն է` որքան մոտ լինի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման կայացման օրվան, որը նախատեսված է մարտի 28-ին, այնքան ռեզոնանսը մեծ կլինի: Իսկ ԱԺ հաջորդ քառօրյան մարտի 17-ին է:
Հիշեցնենք, Panorama.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ յուրաքանչյուր քառօրյա չորս քաղաքական ուժերն անպայման կբարձրացնեն գոյություն ունեցող խնդիրները` որոշման նախագծի կամ արտահերթ նիստ հրավիրելու տեսքով:
Նախորդիվ`
Ն.Զոհրաբյան. «Նստաշրջանը սկսելու ենք գազային պայմանագրերից»
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում