«Աղետի գոտում ավելի շատ բնակֆոնդ է հանձնվել շահագործման, քան կորցրել էր պետությունը երկրաշարժի հետևանքով»
Հաջորդ շաբաթ «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» հայեցակարգը ներկայացվելու է կառավարությանը: Դրանով առաջարկվում է Երևանի փոքր կենտրոնը դիտարկել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ: Ասուլիսում ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:
«Նախ պետք է թեթևացնենք քաղաքն ամբողջությամբ, առաջին հերթին փոքր կենտրոնը: Հստակեցվելու է, թե փոքր կենտրոնն իր տարածքներով քաղաքի ինչքան մասն է զբաղեցնում, որևէ շինարարական աշխատանք կատարելիս պետք է մանրամասն քննարկումներ իրականացվեն: Որոշում կայացնելու է կառավարությունը»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով, հաստատվել է այն կրթական օբյեկտների ցուցակը, որը կազմվել է առաջնահերթության սկզբունքով: Ցանկում ընդգրկվել են այն օջախները, որոնք երկրորդ և երրորդ վնասվածության աստիճանի են ու վերանորոգման կարիք ունեն: Առաջիկա տարիների համար ընտրվել է 1000 օբյեկտ, որոնք ամբողջովին կհիմնանորոգվեն:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում առաջիկա երկու տարվա ընթացքում ավելի քան հազար քաղծառայող կապահովվի բնակարանով: Ընտրության սկզբունքով պարզ է դարձել, որ դրանք կկառուցվեն Արաբկիրում: Ըստ Ս. Թադևոսյանի, բնակարանները էկոնոմ դասի են, որոնց մեկ քառակուսի մետրի արժեքը չի գերազանցում երեք հարյուր հազար դրամը:
Քաղաքաշինության նախարարությունն արդեն սկսել է կառավարության որոշմամբ հավանության արժանացած Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական նոր ծրագրի իրագործումը: Այս ռազմավարությամբ սոցիալական բնակարաններից կարող են օգտվել սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անօթևանի կարգավիճակում, ինչպես նաև փախստականների կարգավիճակ ունեցողները: Նախարարը տեղեկացրեց, որ արդեն տասը շենք է կառուցվել Մարալիկում ու Ծաղկահովիտում, առաջիկա մեկ ամսում տեղի կունենա բնակարանների բաշխումը ու 195 ընտանիքներ կստանան բնակարաններ:
Ս. Թադևոսյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի աղետի գոտում շուրջ 3800 ընտանիքի բնակարաններ են հատկացվել, 380 ընտանիք ստացել են ֆինանսական աջակցություն: 2014 թվականի ծրագրով նախատեսված է, որ շուրջ 1280 ընտանիք կապահովվի բնակարաններով:
«Երկրաշարժի ժամանակ պետությունը որպես բնակֆոնդ կորցրել է շուրջ 4,1 միլիոն քառակուսի մետր: Պետությունը 4.1 միլիոն քառակուսի մետրից ավելի բնակտարածք է արդեն հատկացրել անօթևաններին: Այսինքն, մեզ մոտ ինչո՞ւ է անընդհատ անօթևանների հարցը բարձրանում: Ընդհանուր առմամբ, երկրաշարժից հետո մինչ այսօր, բնակարաններով ապահովվել են շուրջ 60 հազար անօթևան ընտանիքներ: Ուղղակի տարիների ընթացքում ընտանիքները տրոհվում են, առանձին ընտանիքների են վերածվում ու թեման շարունակվում է, թե աղետի գոտում դեռ անօթևան ընտանիքներ կան: Բայց մենք բարոյական իրավունք չունենք մնացած շրջաններին չնայելու: Այսօր բոլոր մարզերում էլ անօթևանների խնդիր ունենք»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան