Դիպուկահարների ակտիվության պատճառներն ակնհայտ են
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ վերջին շրջանում սահմանագծին դիպուկահարների ակտիվություն է նկատվում: Ընդգծելով դիպուկահարներին առաջին գծից դուրս բերելու անհրաժեշտության մասին, դիվանագետը նշել է, որ երկու կողմն էլ պատասխանատվություն են կրում մահվան ելքով պատահարների համար:
«Դիպուկահարների դուրս բերումը կյանքեր կփրկի և էականորեն կնվազեցնի լարվածության մակարդակը: Համաձայնելով դուրս բերել դիպուկահարներին, կողմերը կնպաստեն միմյանց միջև վստահության ստեղծմանը` բարենպաստ պայմաններ ստեղծելով արդյունավետ բանակցությունների համար»,-ասել է Կասպրշիկը:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը խոսելով դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու անհրաժեշտության և կարևորության մասին, միաժամանակ անուղղակիորեն մեղադրել է Ադրբեջանին` լարվածության լիցքաթափմանն ուղղված քայլեր չձեռնարկելու, դրանով իսկ մահվան ելքով պատահարների պատճառ հանդիսանալու համար:
Չնայած այն հանգամանքին, որ դիվանագետը խոսում է «կողմերի» պատասխանատվության մասին, այդուհանդերձ, նկատի ունենալով հանգամանքը, որ հայկական կողմը, ամենաբարձր մակարդակով, պաշտոնապես համաձայնություն է հայտնել դիպուկահարներին դուրս բերելու առաջարկի վերաբերյալ, հասկանալի է, որ Կասպրշիկն անուղղակի ձևով քննադատության սլաքն ուղղում է Ադրբեջանի ուղղությամբ: Հակառակ դեպքում դիվանագետի` «կողմերին» ուղղված կոչմեղադրանքն անհեթեթ կդիտվի:
Մի քանի խոսք դիպուկահարների` առաջնային գծում ներկայության և ակտիվության մասին:
«Դիպուկահարների ակտիվություն» ասվածը բավականին լայն հասկացություն է: Ու այս դեպքում դեռ պետք է սահմանել, թե դիպուկահարների ակտիվությունն ինչպես է դրսևորվում: Հասկանալի է, որ դիպուկահարները և պաշտպանական (նաև պահպանություն իրականացնելու դեպքում), և հարձակվողական գործողություններում կարևոր դերակատարություն ունեցող ուժեր են և հայկական կողմը չի կարող միակողմանի ընդունել առաջարկը` դուրս բերելով առաջնագծից:
Մյուս կողմից պետք է հաշվի առնել հետևյալը. եթե Ադրբեջանը դիպուկահարներին օգտագործում է ագրեսիա սանձազերծելու ու հայկական կողմին վնասներ հասցնելու համար` նպատակ ունենալով առավել թեժացնել իրավիճակը առաջին գծում, ապա հայկական կողմը դիպուկահարաներին հիմնականում «մարտի է նետում» հակադիպուկահար քայլերի ու պատժիչ գործողությունների իրականացման համար:
Դիպուկահարներին առաջնագծից դուրս բերելու առաջարկը հստակ է և Ադրբեջանը մանևրելու առանձնապես մեծ դաշտ չունի: Այս խնդիրն առաջնային է և միջնորդները բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու որպես առաջին նախապայման պետք է հասնեն այս առաջարկի երկկողմ ընդունմանը:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները