Թուրքիայի նախագահը վավերացրել է ինտերնետի գրաքննության մասին աղմկահարույց օրենքը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վավերացրել է ավելի վաղ խորհրդարանի ընդունած օրենքի այն նախագիծը, որը դրույթներ էր պարունակում համացանցում, սոցիալական կայքերում և բլոգերում տեղադրվող նյութերի վերահսկման մասին:
Սա նշանակում է, որ օրենքն արդեն իրավական ուժ է ստացել և ենթակա է կիրարկման: Նախագահ Գյուլն օրենքի վավերացման մասին գրառում է կատարել «Twitter» միկրոբլոգի իր էջում: Ընդհանուր առմամբ նա գոհունակություն է հայտնել նոր օրենքի բովանդակությունից` չհաշված որոշ թերություններ, որոնք հանձնարարել է շտկել:
Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նախագահ Գյուլը վավերացրել է համացանցի գրաքննություն նախատեսող աղմկահարույց օրենքը, «Twitter»-ում արշավ է սկսվել նրա դեմ:
Ըստ թուրքական «Դունյա» լրատվական կայքի` Թուրքիայի նախագահի թվիթերյան էջի հետևորդները զանգավածաբար լքում են նրա էջը` կատարելով unfollow գործողությունը: Դրա հետևանքով ընդամենը 2 ժամվա ընթացքում Գյուլի թվիթերյան էջի հետևորդների թիվը նվազել է 18.000-ով` 4 մլն 386 հազարից դառնալով 4 մլն 369 հազար:
Ի դեպ, Թուրքիայի օգտատերերից «Twitter»-ում ամենամեծ թվով հետևորդներ ունի հենց նախագահ Գյուլը:
Օրենսդրական այդ նախաձեռնությունը դժգոհության մեծ աղմուկ ու ալիք է առաջ բերել թուրք հանրության շրջանում և դիտվում է որպես համացանցի գրաքննության փորձ: Ըստ այդ օրենքի` համացանցի գրաքննությունն իրականացնելու է հանրային հեռահաղորդակցություն ապահովող մարմինը` առանց որևէ դատական ատյանի: Օրենքից դժգոհողներն անթույլատրելի են համարում դրա կիրառումը, քանի որ խախտում է խոսքի, մտքի և մամուլի ազատությունը, մարդու անձնական տվյալների գաղտնիության պահպանության իրավունքը:
Հիշեցնենք, որ «Թուրքիայի լրագրողների միությունը» նախագահին Գյուլին կոչ էր արել կիրառել վետոյի իրավունքը և կասեցնել օրենքի ընդունումը: Արտերկրից ևս բացասական անձագանքներ եղան. Եվրահանձնաժողովը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայում համացանցի գրաքննության մասին օրենքի ընդունման կապակցությամբ: Եվրախորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը, արձագանքելով օրենսդրական փոփոխության ընդունմանը, նշել է, որ այն մամուլի ազատության տեսանկյունից հետընթաց է: Իսկ Եվրամիության հանձնաժողովն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունը եվրոպական չափանիշների տեսանկյունից վերանայման կարիք ունի: Իսկ ահա Թուրքիայի «Ինտերտնետ-մատակարարների միության» գլխավոր տնօրեն Թայֆուն Սըրմանը նշյալ օրենքն ամոթալի է անվանել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում