Մեկ օրվա ընթացքում ավելի քան 3000 թվիթ է տարածվել #Justice4Margaryan հեշթեգով
Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանին Twitter միկրոբլոգի օգտատատերերը իրենց հարգանքի տուրքը փորձում են մատուցել օգտագործելով #Justice4Margaryan հեշթեգը:
Մեկ օրվա ընթացքում ավելի քան 3000 թվիթ է տարածվել այդ հեշթեգով:
#Justice4Margaryan հեշթեգով թվիթերի հեղինակների թվում են ԱՄՆ Կոնգրեսում հայկական խնդիրներով զբաղվող Ֆրենկ Փալոնեն, կոնգրեսական Ադամ Շիֆը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), «Ասպարեզ» թերթը, Կանադայի հայկական երիտասարդական ֆեդերացիան և այլոք:
Հիշեցնենք, Գ. Մարգարյանը սպանվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին: Հանցագործը, նույն այդ դասընթացների մասնակից, Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը քնած Մարգարյանին նախօրոք գնված կացնով 16 հարված էր հասցրել: 2006 թվականի ապրիլի 13-ին հունգարական դատարանը մարդասպանին ցմահ ազատազրկման էր դատապարտել` առաջին 30 տարվա ընթացքում առանց ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքի:
Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու մասին հայտնի դարձավ 2012 թվականի օգոստոսի 31-ին: Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին:
Սաֆարովի արտահանձնումը, ներումը և հերոսացումը դատապարտեցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ Պետդեպը, ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարությունները, ԵԽ գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ն և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Դատապարտող բանաձև ընդունեց նաև Եվրախորհրդարանը:
2014 թվականի փետրվարի 19-ին բոլորեց հայ սպայի սպանության 10-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում պատրաստվել է «Ադրբեջան. ռասիզմ առանց սահմանների» տեսաշար` ռուսերեն , անգլերեն և հունգարերեն լեզուներով: Դրանում ներկայացված է աշխարհը ցնցած սպանության, Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և այնտեղ նրան հերոսացնելու պատմությունը: Հատկանշական է, որ որպես սաունդթրեք հեղինակներն ընտրել են Դ. Շոստակովիչի 7-րդ՝ «Լենինգրադյան» սիմֆոնիայի այն հատվածը, որը հայտնի է որպես «ֆաշիստների հարձակում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները