Ստեղծվում է գազի կալորիականությունը ուսումնասիրող հանձնաժողով
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը կստուգի հանրությանը մատուցվող գազի կալորիականության մակարդակը:
Ինչպես կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետը, թեև կալորիականության վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, սակայն դեռևս կան կասկածներ` արդյոք կալորիականության ցուցանիշը համապատասխանում է այն պայմաններին, որ ներկայացվել են հանրությանը և արդյոք գազի որակը փոխվել է:
«Մենք պարտավոր ենք այդ հարցերի պատասխանները տալ հանրությանը»,- ընդգծեց Տ.Սարգսյանը:
Վարչապետը խնդրի վերաբերյալ խնդրեց պարզաբանումներ ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Նա նույնպես նշեց, որ վերջին շրջանում բազմաթիվ բողոքներ են ստանում գազի որակի հետ կապված, մասնավորապես, որ այն չի համապատասխանում կալորիականության ստանդարտներին:
«Նախ սահմանի վրա գազը չափվում է, այնուհետև տնտեսվարող սուբյեկտները` Հրազդանի, Երևանի ջէկերը և Արարատի ցեմենտի գործարանը, որոնք ևս շահագրգռված են` ստուգման են ենթարկում: Չնայած դրան, այդ ամենը չի բավարարում սուբյեկտներին»,- ասաց նա` հավելելով, որ ինքը նախորդ տարի գործարարների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է համախմբվել, ձեռք բերեն լաբորատորիա, որն արժե 25-60 հազար դոլար, որպեսզի կարողանան չափել գազի որակը: Սակայն, ըստ նրա, դեռևս գործարարների կողմից նման քայլ չի կատարվել:
Ռ.Նազարյանը նաև տեղեկացրեց, որ պայմանավորված խիստ ձմեռով, նաև ջերմոցային տնտեսությամբ զբաղվողները բողոքում գազի որակից` նշելով, որ նախորդ տարիների համեմատ ավելի շատ են գազ սպառում:
«Կարծում եմ, որ դա խստահունչ ձմեռով է պայմանավորված: Ճիշտ կլինի ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն նաև Գիտությունների ազգային ակադեմիան, Հանրային խորհուրդը, գործարարների միությունը, որպեսզի հասկանանք, էլ ինչ կարելի է անել, որպեսզի հանրության վստահությունը մեծանա»,- ասաց Նազարյանը:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը նշեց, որ մասնագետները կառավարությանը եզրակացություն են ներկայացրել, որ գազի կալորիականության արհեստական փոփոխություն իրականացնել անհնար է:
«Անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով` ներգրավելով նաև ՀԿ-ներին, որպեսզի նաև մասնագետները հնարավորություն ունենան բացատրություններ ներկայացնել»,- նշեց վարչապետը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը պատասխանելով Տ. Սարգսյանի հարցին, թե հնարավո՞ր է ստեղծել շարժական լաբորատորիա` դրական պատասխան տվեց: «Իհարկե, մի լուրջ բան չէ, ընդամենը մի 25-30 հազար դոլարի պատմություն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները