Լ.Զուրաբյան. Եթե այս անգամ էլ մերժեն, ապա ցույց կտանք, որ այս սպանությունների պարտակման պատասխանատուն իրենք են
Երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցությունը նախաձեռնելու է ստորագրահավաք, որպեսզի քառօրյայում 2008 թվականի մարտի մեկի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը արտահերթ քննարկման կարգավիճակով ներառվի նստաշրջանի օրակարգ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` շեշտելով, որ ԱԺ ոչ իշխանական խմբակցություններից ստացել են դրական պատասխան` աջակցելու այդ գործընթացում:
Հարցին, թե ինչու ՀԱԿ-ը որոշեց հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունն այժմ դնել շրջանառության մեջ, պատգամավորն արձագանքեց, որ իրենք պահանջատեր են մարտի մեկի սպանությունների բացահայտման գործում:
«Հիմա տեսեք, թե Ուկրաինայում ինչ է կատարվում. ցուցարարների դեմ մահաբեր ուժի օգտագործումը որևէ իշխանության կողմից հանցագործություն է, որը պետք է ուսումնասիրվի, բոլոր մեղավորները պետք է պատժվեն: Այս հանձնաժողովի ստեղծումը հենց այդ նպատակն ունի: Բնական է, որ մեր մարտիմեկյան հանրահավաքից առաջ, տարելիցից առաջ ցանկանում ենք ևս մեկ անգամ և’ մեր հանրությանը, և’ միջազգային հանրությանը հայտնել, որ պահանջատեր ենք այդ սպանությունների բացահայտման և ամեն ինչ անելու ենք, որ երբեք Հայաստանում ցուցարարների, ժողովրդի դեմ որևէ կառավարությւոն, որևէ իշխանությւոն չկիրառի մահաբեր ուժ»,- նշեց Լ.Զուրաբյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից ակնկալվող արձագանքին, ապա ՀԱԿ-ական պատգամավորը նշեց, որ այն կարող է այս անգամ ևս մերժել հանձնաժողովի ստեղծումը, բայց իրենք միևնույն է հետևողականորեն հասնելու են հաջողության. «Եթե այս անգամ էլ մերժեն, մենք հերթական անգամ ցույց կտանք, որ այս սպանությունների պարտակման պատասխանատուն իրենք են»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում