Կապիտալի արտահոսքի արձագանքները Թուրքիայում
2008-2009թթ. սկիզբ առած ֆինանսատնտեսական ճգնաժամին հակազդելու նպատակով զարգացած երկրների կենտրոնական բանկերի կողմից ձեռնարկված խթանող դրամավարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում այդ երկրներում տոկոսադրույքների մակարդակը նվազեց և հաստատվեց աննախադեպ ցածր մակարդակի վրա:
Արդյունքում կապիտալ հոսքերը ուղղվեցին դեպի առավել մեծ եկամտաբերություն ապահովող զարգացող երկրների ֆինանսական շուկաներ: Սակայն 2013թ. մայիսին զարգացող երկրների համար արտաքին շոկ հանդիսացավ ԱՄՆ կենտրոնական դրամատան հայտարարությունն առ այն, որ տնտեսական բարենպաստ զարգացումների պարագայում վերջինս արդեն 2014թ. կսկսի կրճատել խթանող դրամավարկային քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերը: Սա հանգեցրեց ԱՄՆ-ում երկարաժամկետ տոկոսադրույքների զգալի բարձրացմանը, որն էլ իր հերթին խթան հանդիսացավ միջազգային ներդրողների զարգացող երկրներում ներդրված կապիտալի արտահոսքին հետ դեպի ԱՄՆ:
Այս ամենի համատեքստում արժեզրկվեցին զարգացող երկրների մեծամասնության արժույթները և նվազեցին նրանց բաժնետոմսերի և պարտատոմսերի գները: Այս միտումը ավելի վառ արտահայտվեց քաղաքականապես և տնտեսապես համեմատաբար անկայուն այնպիսի զարգացող երկրում, ինչպիսին Թուրքիան է: Մասնավորապես, 2013թ. մայիս ամսից ի վեր ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժեզրկվեց 23%-ով, երկարաժամկետ տոկոսադրույքները բարձրացան 4%-ով և թուրքական ընկերությունների բաժնետոմսերի գներն ընկան շուրջ 30%-ով:
Թուրքական տնտեսության անկայուն զարգացումն արտահայտվում է վերջինիս տնտեսական ակտիվության ցածր տեմպերով: Այսպես` 2013-2015թթ. առաջատար տնտեսագետների գնահատականների համաձայն, Թուրքիայում տնտեսական աճի տարեկան տեմպը կկազմի մոտ 3%, մինչդեռ 2002 - 2007թթ. այն՝ 7% էր: Միևնույն ժամանակ Թուրքիայում վերջին տարիների ընթացքում պարբերաբար ծագող քաղաքական խնդիրները նպաստեցին ներդրողների կողմից այդ երկրի քաղաքական համակարգի նկատմամբ վստահության նվազմանը, որը ապագայում նույնպես իր արտացոլումը կունենա օտարերկրյա ներդրումների ծավալների նվազման տեսքով:
Միջազգային ներդրողների կապիտալի արտահոսքին հակադարձելու և ազգային արժույթի հետագա արժեզրկումը զսպելու նպատակով Թուրքիայի կենտրոնական բանկը ս.թ. հունվարի 28-ին բաձրացրեց հիմնական դրամավարկային տոկոսադրույքի մակարդակը շուրջ 5.5 տոկոսային կետով: Հատկանշական է, որ սույն որոշումից ի վեր թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է շուրջ 4%-ով:
Տնտեսագետ Հակոբ Սաֆարյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում