Արտեմ Ասատրյան. Պարտադիր կուտակային համակարգին կատարվող վճարումները պետք է հարկվեն առաջին փուլում
«Մենք օր օրի ավելի շատ ենք ստանում հարցադրումներ այն մասնակիցներից, ովքեր ցանկանում են` իրենց համար կատարած վճարումները գնան ակտիվները կառավարող ընկերություններին, որպեսզի դրանք աշխատեն և իրենց եկամուտներ բերեն»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հարցին, թե արդյոք կենսաթոշակային բարեփոխումներից հետո չի՞ ավելանա ստվերայնությունը, նախարարը նշեց, որ հակառակը` այն բերելու է ստվերի կրճատմանը:
«Ւհարկե ցանկացած բարեփոխում, որն իրականացվում է, միշտ որոշակի խնդիրներ է առաջացնում: Այս դեպքում ես համարում եմ, որ այդ խնդիրները ընթացիկ լուծման ենթական խնդիրներ են»,- ընդգծեց Ա.Ասատրյանը:
Անդրադառնալով այն մտահոգություններին, թե իրականում աշխատավարձերից ոչ 5, այլ 6.1% է պահվելու, նախարարը նշեց, որ օրենքի դրույթները պետք է մեկնաբանել տառացի և բառացի, և չի կարելի մանիպուլյացիաների ենթարկել: Ըստ Ա.Ասատրյանի` օրենքում հստակ ամրագրված է բազային եկամուտ հասկացությունը, որի համաձայն` բազային եկամտի 5%-ի չափով է պահում կատարվում:
«Բազային եկամուտը չհարկված եկամուտն է և բերում է մեկնաբանություններ, որ, եթե հարկված եկամտից հաշվարկենք, ապա կլինի ավելի բարձր, ինչը տրամաբանական է: Այստեղ պետք է նկատի ունենալ, որ ցանկացած գումար որևէ փուլում հարկման ենթակա է, և տվյալ դեպքում մենք ընտրել ենք այն ճանապարհը, որ պարտադիր կուտակային համակարգին կատարվող վճարումները պետք է հարկվեն առաջին փուլում, որպեսզի հետագայում կենսաթոշակները հարկումից ազատվեն: Երկրներ կան, որտեղ հարկվում են կենսաթոշակները»,- ասաց Ա.Ասատրյանը: