Քաղաքագետ. Չպետք է թույլ տալ, որ ներքին հարցերին արտաքին ուժերի միջամտություն լինի
«Ուկրաինայում իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը մասնակցում էին Կլիչկոն, Յացենյուկը: Այսպիսով, ծայրահեղ ազգայնականները դուրս էին մնում իշխանության վերաբաշխումից: Սրանով էր պայմանաված այդ հատվածի ակտիվացումը»,- ասուլիսում նման դիտարկում արեց քաղաքագետ Արամ Մանուկյանը:
Ըստ նրա, Ուկրաինայի իշխանություններն աչքի են ընկնում անորոշ գործելաոճով, նախագահ Վ. Յանուկովիը չի կարողանում կողմնորոշվել ստեղծված իրավիճակում:
Քաղաքագետը նշեց, որ Արևմուտքը նույնպես ահռելի ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա:
«Ուկրաինայի այս վիճակի մեղավորը Ուկրաինայի ներկայիս իշխանությունն է»,- կարծիք հայտնեց Ա. Մանուկյանը:
Քաղաքագետը նշեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար շրջադարձային եղավ եվրամեյդանի մասնակիցների համաներումը. «Իշխանությունը կարծեց, թե այս ճանապարհով կթուլացնի կրքերը, իսկ ընդդիմություն էլ իշխանության այս քայլը դիտարկեց որպես թուլության նշան»:
Արամ Մանուկյանի խոսքով, ստեղծված իրավիճակում, եթե Յանուկովիչը կամ նրա մերձավորներից որևէ մեկը պահպանի իշխանությունը, Ուկրաինայի մասնատումը քիչ հավանական է, իսկ եթե ընդդիմությունը գա իշխանության, Ուկրաինայի բաժանումն անխուսափելի կլինի:
Նա նշեց, որ Ուկրաինայի հայ համայնքը ճիշտ դիրքորոշում է ընտրել՝ չեզոքություն:
Ի՞նչ դասեր կարելի է քաղել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերից հարցին ի պատասխան քաղաքագետն ասաց, որ չպետք է թույլ տալ, որ ներքին հարցերին արտաքին ուժերի միջամտություն լինի: Այս դեպքում, ըստ նրա, պետությունն ընկնում է լուրջ կախման մեջ:
Արամ Մանուկյանը նաև մոտակա հեռանկարում բացառեց նմանատիպ դեպքերի կրկնությունը Հայաստանում, քանի որ՝ նախ նախադրյալներ չկան, բացի այդ. «Երբեք բռնությունների կիրառման ճանապարհը չի կարող արդյունավետ լինել երկրի զարգացման համար: Մենք գտնվում են կիսապատերազմական վիճակում. ներքին ցնցումները վտանգավոր կլինեն»:
Նախորդող հրապարակում՝
Կիևում զոհերի թիվն հասել է 77-ի