Քննարկում. «Վարկանիշավորումն անիմաստ բան է»
Այս տարի պետք է վերանայվի դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանությունը, չափանիշները, դպրոցների խմբավորումը, ինչից հետո կիրականացվի հիմնական փուլը: Այսօր դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի մեթոդաբանության վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն է անցկացրել փորձնական փուլը, որի ղեկավար Արտակ Պողոսյանը նշեց, որ այս ընթացքում մի շարք խնդիրներ են բացահայտել:
«Պետք է տարանջատել միջնակարգ, հիմնական և ավագ դպրոցների հարցաթերթերը, որպեսզի ավելի հստակ լինի: Կան մեխանիզմներ, որոնք պետք է շտկվեն: Կան մի շարք ցուցանիշներ, որոնք չեն աշխատում: Դրանց օբյեկտիվությունը գնահատելը դժվար է: Ցանկացած ցուցանիշ պետք է չափելի լինի, դա է վարկանիշավորման հիմքում ընկած, հուզական չափանիշները չափելի չեն»,-ասաց նա:
ԿՏԱԿ տնօրենն ընդգծեց, որ վարկանիշավորման նպատակն օբյեկտիվ ցուցանիշների հիման վրա ցանկ ստանալն է, որից հետո դպրոցները, տեսնելով իրենց թույլ կողմերը, կուժեղացնեն դրանք:
Նա նշեց, որ կարևոր են նաև բանաձևերը, որոնցով հաշվում է որակավորումը:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ երբ արտաքին գնահատման կարգն էր հաստատվում, դա տանում էր դեպի վարկանիշավորում:
Նա նկատեց, որ պիլոտային ծրագրի արդյունքում պարզ է դարձել, որ պիտի վերանայվի դպրոցները միմյանց հետ համեմատելու կետը, պետք է ընտրել մեկ չափման միավոր, որի հետ կհամեմատվեն բոլոր դպրոցները:
«Հակառակ դեպքում սխալ մրցակցություն կգնա: Դա հնարավորություն կտա, որ ներքին համեմատություն լինի»,- ասաց նա:
Դպրոցների տնօրենները ներկայացրեցին իրենց դիտարկումները մեթոդաբանության և չափանիշների շուրջ: Ըստ նրանց, կան որոշ կետեր, որոնք օբյեկտիվ չեն: Նման կետերից մեկն, օրինակ, միասնական քննությունների միջին գնահատականն է, մյուսն էլ` արտասահմանյան բուհերում ուսումը շարունակած աշակերտների առկայությունը: Տնօրեններից մեկը նկատեց, որ այդ կետը որևէ կապ չպետք է ունենա դպրոցի վարկանիշավորման հետ, քանի որ շատերը տնտեսապես ի վիճակի չեն արտասահմանում սովորել, բացի այդ, կան փայլուն երեխաներ, ովքեր կրթություն են ստանում տեղի բուհերում:
Տնօրեններից մեկն էլ ռեպլիկ արեց. «Շատերը նույնիսկ այստեղի վճարովի բուհ ընդունվել չեն կարողանում վարձի պատճառով»:
ԵՊՀ-ին կից Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանն էլ խոսելով գյուղական դպրոցների անունից, ասաց, որ անիմաստ բան է վարկանիշավորումը:
«Ինչո՞ւ եք գյուղի դպրոցին, որ 100 աշակերտ ունի, ուզում վարկանիշավորել: Ի՞նչ եք ուզում անել դրանով, որ եթե հարևան դպրոցն ավելի լավն է, ծնողն իր երեխային այնտեղ տանի՞: Իմ դպրոցի համար ամենամեծ վարկանիշն իմ ծնողներն ու աշակերտներն են: Դա իմ համար վարկանիշ է: Ինձ համար չափանիշ չի, ինչ ուզում եք գնահատեք: Բազմաթիվ կետեր կան, որ դպրոցը չի կարող տալ: Եթե պետք է հենց այնպես թիվ տան, անիմաստ է: Գնահատականներ դնողներն էլ պետք է մասնագետներ լինեն: Միգուցե թեթևացնենք հարցաշարերից, նույնիսկ չհամեմատենք դպրոցին մյուսների հետ: Ոչ էլ հրապարակենք այդ արդյունքները: Պարզապես դպրոցին ասենք, իրենք զբաղվեն: Հետո ի՞նչ, որ ասեցիք ամենալավ վարկանիշն ունի»,- ասաց նա:
Կրթության փոխնախարարը նշեց, որ վարկանիշավորման առաջնային նպատակը թափանցիկ տեղեկատվություն տրամադրելն է, իսկ ցանկացած բան իր վատ կողմերն էլ ունի:
Նախորդիվ`
Դպրոցների վարկանիշավորում և քաղաքականացված կրթություն
Ինչ խնդիրներ է կոծկում դպրոցների վարկանիշավորումը
ԿԳՆ-ն ներկայացրեց դպրոցների վարկանիշավորման պիլոտային ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները