Ժան Միշել Հապպի. «Կենսաթոշակային համակարգի ադեկվատ լինելը ժամանակի ընթացքում կզգացվի»
Համաշխարհային բանկի գնահատմամբ` Հայաստանում կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը ճիշտ քայլ է, ճիշտ ուղղությամբ: Այսօր Երևանում կազմակերպված Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովում այս մասին հայտարարեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին:
Նրա խոսքերով` ՀԲ-ի ներգրավածությունը Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումներում սկսվել է գրեթե 10 տարի առաջ, և նույնիսկ այդ ժամանակահատվածում հստակ նախանշվել են այն մարտահրավերները, որոնք ծառացած էին համակարգի առաջ, մասնավորապես` ժողովրդագրական անկում, աղքատության բարձր մակարդակ և սահմանափակ ֆիսկալ ֆինանսական ռեսուրսներ:
Ժան Միշել Հապպին ասաց, որ այսօր Հայաստանում 25 տոկոսից ավելին գտնվում է աղքատության շեմից ցածր և այս բարեփոխումները կբերեն թոշակների բարձրացմանը, երկարատև եկամուտների ապահովմանը, ինչպես նաև կնպաստեն աղքատության նվազեցմանը:
«Սկզբունքորեն ամրագրելով բազմաշերտ կենսաթոշակային համակարգ` իր սկզբունքային դերը կխաղա մասնավոր և անհատական հաշիվներում, ինչպես նաև լրացուցիչ եկամուտներ կապահովվի Հայաստանում»,- ընդգծեց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը:
Ժան Միշել Հապպին նշեց նաև, որ կենսաթոշակային համակարգի նախագծումը սկզբունքորեն համապատասխանում է միջազգային չափանիշներին:
«Կենսաթոշակային համակարգի ադեկվատ կամ ողջամիտ լինելը ժամանակի ընթացքում կզգացվի, հետևաբար, կարծում եմ, որ տեխնիկական որոշ ճշգրտումների կարիքն էլ կլինի ժամանակի ընթացքում»,- ասաց նա` հավելելով, որ Համաշխարհային բանկը ի սկզբանե սերտորեն համագործակցել է ՀՀ կառավարության հետ կենսաթշակային բարեփոխումների մասով և հիմա էլ հայտնում է իր պատրաստակամությունը` նպաստելու այս գործընթացին, մասնավորապես` իրազեկվածության մակարդակի բարձրացման տեսանկյունից: