Առանց դագաղի ՀԴՄ կտրոնի հանգուցյալի դին հրաժարվել են տալ
Դիահերձարանից մահացածի դին վերացնելու համար պարզվում է պետք է ներկայացնել դագաղի ՀԴՄ կտրոնը: Այդպես են պնդում Երևանի դիահերձարանից մեկի աշխատակիցներն ու պահանջում կտրոնը` ասելով, որ պետք է ներկայացնեն հարկային մարմիններին:
Օրերս նման մի դեպք է տեղի ունեցել Panorama.am-ին ահազանգած քաղաքացու հետ, դիահերձարանից պապի դին վերցնելու համար նա երկար քաշքշուկների մեջ է ընկել:
«Գնացինք, որ պապիկի դին վերցնենք, ասում են դագաղի կտրոնը տվեք: Դագաղն էլ մեր հարազատներից մեկն էր գնել, բերել: Ասում եմ` դագաղը մենք չենք գնել, որ ՀԴՄ ներկայացնեմ: Առհասարակ ի՞նչ կապ ունի դա: Ասում են` օրենքն է այդպես, մենք կտրոնը տրամադրելու ենք հարկայինին: Երկար բանակցություններից հետո պահանջեցի, որ հանդիպեմ ղեկավարության հետ»,- պատմեց քաղաքացին:
Ղեկավարությունն էլ է նույնը պահանջել: Քաղաքացու երկար պնդումներից հետո թուղթ են տվել, անձնագրի տվյալներ պահանջել ու միայն այդ թուղթը լրացնելուց հետո թույլ տվել վերցնել հանգուցյալի դին:
«Ասում են` ի՞նչ արժե դագաղը: Հարցնում եմ` ի՞նչ կապ ունի: Պատասխանում են` պետք է: Ասում եմ` գրեք 5000 դրամ: Զարմացած նայեցին դեմքիս, բայց դե բան չասեցին: Սուսուփուս գրանցեցին»:
Իրականում նման որևէ պահանջ ոչ օրենքով, ոչ էլ այլ իրավական ակտերով գոյություն չունի:
Պարզաբանում ստանալու համար Panorama.am-ը դիմեց Պետեկամուտների կոմիտե: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ստացել ենք հետևյալ պատասխանը.
«ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից կիրառվող իրավական ակտերից (այն իրավական ակտերից, որոնք կիրառող պետական կառավարման մարմինը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն է) որևէ մեկով ՀԴՄ կտրոնը հարկային մարմին ներկայացնելու պահանջ (դրույթ) սահմանված չէ»:
Թե ինչ հարկային մարմինների է ներկայացնում կտրոնը դիահերձարանը, պարզ չէ: Մնում է ենթադրել, որ պատճառը ինչ-որ շրջանակների բիզնես-շահերն են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները