ՀՔԱՎԳ. ՀՀ նյարդահոգեբուժական հաստատություններում պատշաճ ուշադրության չի արժանանում մահացության դեպքերի քննությունը
2010-2013 թթ. ընթացքում Հայաստանի 8 նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մահացությունների թիվը կազմել է 145: Այս տվյալները ներկայացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը` հիմնվելով հարցումների միջոցով առանձին բուժհաստատություններից ձեռք բերված տեղեկատվության վրա:
Ըստ աղբյուրի` նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մահացությունների թիվը բավականին մեծ է, եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ նշված հոգեբուժական բուժհաստատություններում մահճակալների թիվը մոտ 1330 է: Սակայն համեմատելով նախորդ 4 տարիների հետ տեսնում ենք, որ մահացությունների թիվը նվազել է 12-ով` 2006-2009 թթ. գրանցվել էր մահացության 157 դեպք:
2010-2013 թթ. մահացության 145 դեպքերից 141-ի պատճառներ են հանդիսացել սոմատիկ հիվանդությունները, 4-ը ` ինքնասպանության հետևանք են: 2010-2013 թթ. մահացության 145 դեպքերից միայն 43 դեպքով է քրեական գործեր հարուցվել իրավապահ մարմինների կողմից և կարճվել հանցագործության բացակայության պատճառով: Իսկ ահա ինքնասպանության բոլոր դեպքերով քրեական գործեր հարուցվել են: Ընդ որում ըստ տրամադրված տեղեկատվության՝ քրեական գործերի մեծամասնությունը ` 38-ը հարուցվել են նույն հոգեբուժական բուժհաստատությունում` տվյալ բուժհաստատությունում գործում է արձանագրված մահացության բոլոր դեպքերով քրեական գործեր հարուցելու պրակտիկան, ինչը հատուկ չէ մյուս բուժհաստատություններին:
«Այսպիսով, նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մեծ թիվ են կազմում մահացության դեպքերը, որոնց պատճառ որպես կանոն դառնում են սոմատիկ հիվանդությունները: Կարելի է եզրակացնել, որ պատշաճ ուշադրություն չի դարձվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոմատիկ հիվանդությունների բուժմանը, կանխարգելմանը: Ուստի անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ իրականացնել՝ բարելավելու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մոտ սոմատիկ հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը:
Միաժամանակ հաշվի առնելով հոգեբուժական բուժհաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության ոչ բավարար վիճակը՝ վատ, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դրսևորումները, սննդի որակը, սոմատիկ հիվանդությունների բուժման վիճակը և մահացության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի փոքր թիվը՝ կարող ենք հետևություն անել, որ պատշաճ ուշադրության չի արժանանում նաև մահացության դեպքերի քննությունը: Ուստի անհրաժեշտ է մահացության յուրաքանչյուր դեպքով իրականացնել անկախ, համակողմանի, անկողմնակալ քննություն՝ պատշաճ մակարդակով ապահովելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կյանքի իրավունքի պաշտպանությունը»,- ասված է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացված տեղեկատվության մեջ:
Նշենք, որ տեղեկատվությունը ասամբլեային ներկայացրել են Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերը, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերը, Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը, Արմաշի առողջության կենտրոնը, Սևանի հոգեբուժական հիվանդանոցն ու Հոգեբուժական բժշկական կենտրոնի Նուբարաշենի, Ավանի, Նորքի հոգեբուժական, Քասախի նևրոզների կլինիկաները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները