Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը կներկայացվի կառավարությանը
Առողջապահության նախարարությունը 2014 թվականը հայտարարել է առողջ ապրելակերպի տարի, իսկ Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված մեխանիզմների ներդրման նպատակով 2014 թվականին կառավարության հաստատմանը կներկայացվի «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱՆ աշխատակազմի հանրային առողջապության բաժնի պետ Լուսինե Քոչարյանը:
«Ծրագիրն ունենալու է օրենսդրական բարեփոխումների բաժին, գովազդի օրենքի վերաբերյալ փոփոխություններ, ալկոհոլի դեմ պայքարի ծրագրի մշակում, ծխախոտի սահմանափակումների վերաբերյալ փոփոխություններ, արագ սնունդին ենք անդրադառնալու: Միջոցառումներ ենք իրականացնելու, որ գազավորված ըմպելիքներ չվաճառվեն կրթական հաստատություններում, նաև կրթական, խորհրդատվական նյութեր կտպագրվեն: Մի մեծ բաժին ուղղված կլինի դպրոցահասակներին»,- ասաց Լուսինե Քոչարյանը:
ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բազարչյանն էլ նշեց, որ այսօր մահերի 80 տոկոսը սիրտ-անոթային հիվանդություններով, քաղցկեղով և շաքարային դիաբետով են պայմանավորված:
«Դրանք գալիս են ոչ առողջ ապրելակերպից: Ծրագրում անդրադարձ է կատարվում և օրենսդրական մասին, և ջատագովմանը, և հանրային լուսաբանմանը, ծրագրերի ներդրմանն ու կիրառմանը: Հանրային իրազեկման կոմպոնենտն է ներառում նաև: Սա երկար ճանապարհի սկիզբ է և կապված է մարդկանց վարքագծի փոփոխության հետ»,- ասաց նա:
Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի բնորոշմամբ, շատ կարևոր է խոսել առողջ ապրելակերպի մասին, միջոցառումների մասին, որոնք շատ պարզ լինելով, կարող են արագ բազմաթիվ առողջական խնդիրներ լուծել:
«Մենք ուզում ենք, որ 2014-ի ընթացքում մինչև հիմա արվածը կրկնապատկվի, եռապատկվի: Չենք խնայելու մեր ուժերն ու ջանքերը: Մշակել ենք մի շարք միջոցառումներ, որոնք իրականացվելու են»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր աշխարհի պետությունների առողջապահական համակարգերի համար առավել մեծ բեռ են ոչ վարակիչ հիվանդությունները, որոնց զարգացման ռիսկի գործոններից շատերը պայմանավորված են անձի վարքագծով: Ոչ վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև դրանցով պայմանավորված վաղաժամ մահերի մի զգալի մասը հնարավոր է կանխել առողջ ապրելակերպի համար նպաստավոր պայմաններ ապահովելու միջոցով:
Առողջ ապրելակերպը ներառում է տարիքին համապատասխան ֆիզիկական ակտիվությունը, առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, առողջ ու անվտանգ միջավայրի ձևավորումը, ծխախոտի օգտագործման և ալկոհոլի չարաշահման նվազեցումը:
Միջազգային առողջապահական կազմակերպությունների, հեղինակավոր գիտնականների և ոլորտի փորձագետների գնահատմամբ` առողջ ապրելակերպի ձևավորումը հիվանդությունների կանխարգելման ոչ միայն արդյունավետ, այլև քիչ ծախսատար միջոց է: Ավելին, առողջ ապրելակերպի ամրապնդմանն ուղղված միջոցառումների արդյունքն անդրադառնում է և առողջապահական, և ժողովրդագրական, և տնտեսական ցուցանիշների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում