Առանց դեղատոմսի դուրսգրման դեղերի վաճառքի դեմ նոր օրենքով կպայքարեն
Կառավարություն է ուղարկվել «Դեղերի մասին» նոր օրենքը, որով ոլորտում առկա մի շարք խնդիրներ են կարգավորվելու: Կլինի դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկ, առանց դեղատոմսի դեղերը չեն կարողանա դուրս գրել և վաճառվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
«Հիմա էլ կան դեղեր, որ բացառապես պիտի դեղատոմսով վաճառվեն, ինչը սակայն չի պահպանվում: Դեղերը, որոնք առանց դեղատոմսի պիտի վաճառվեն, շատ քիչ են: Երբ հիվանդը դեղատոմսով գալիս է դեղատուն, իրեն վաճառողը հարցնում է՝ իսկ ձեզ այս դեղերն ասե՞լ են: Ինքը նպատակահարմար է գտնում ավելի շատ դեղեր վաճառել: Մարդը հնարավոր է համաձայնվի ձեռք բերել դեղեր, որն իր բժիշկը չի նշանակել: Այս հարցերը մեր ուշադրության կենտրոնում են»,- ասաց փոխնախարարը:
Նա նաև նկատեց, որ լինում են դեպքեր, երբ մարդն ինչ-որ հիվանդությամբ գալիս է, միանգամից անտիբիոտիկ են մարդուն տալիս, ինչն անընդունելի է. «Մենք ակնկալում ենք, որ ձեռնարկվող քայլերով այդ հարցերը կլուծվեն»:
Մարդիկ հաճախ բժշկի դիմելու փոխարեն գնում են դեղատներ, որտեղ հաճախ միջին մասնագիտական կրթությամբ մարդիկ են աշխատում:
«Այստեղ մեծ անելիքներ կան, նոր օրենքը նաև դեղատների գործունեությունն է կանոնակարգելու»,- նշեց Սերգեյ Խաչատրյանը:
Փոխնախարարի բնորոշմամբ, մարդկանց մեջ կա բժշկի չդիմելու մշակույթը, իրենք հաճախ որևէ գանգատի դեպքում պարզապես դիմում են դեղատուն:
«Պիտի կոչ անենք, դիմենք բնակչությանը և ասենք, որ հիմնական ծառայությունները, խորհրդատվություններն անվճար են: Իրենք ազատ են գնալու և ստանալու առողջապահական խորհրդատվություն, ճիշտը բժշկի դիմելն է»,- ասաց նա:
Նա կարևորեց նաև կանխարգելիչ նպատակով բժշկին դիմելու մշակույթի զարգացումը. «Կարող են դիմել ընտանեկան բժշկին, իսկ խորհրդատվություն տալը նրա պարտականությունն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա