Ռիսկայնություն և եկամտաբերություն...Ինչի դիմաց ինչ են առաջարկում Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները
Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովին մասնակցել են նաև Հայաստանում գործող երկու կնսաթոշակային ֆոնդերի կառավարիչ կազմակերպությունների ղեկավարները, ովքեր ներկայացրել են իրենց կազմակերպությունները և առաջարկվող ծառայությունները:
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ֆիլիպ Ռուսոն ներկայացրել է իր ղեկավարած կազմակերպության կառուցվածքը, աշխատանքի փիլիսոփայությունը, հաճախորդներին մատուցվող ծառայությունները, դրանց որակը և առանձնահատկությունները:
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ֆրանսիական «AMUNDI ASSET MANAGEMENT» ընկերության՝ 51% և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի՝ 49% մասնակցությամբ:
Amundi AM կազմակերպության գլխավոր գործառույթը ակտիվների կառավարումն է, դրա հիմնադիրներն են երկու խոշոր բանկեր` Կրեդիտ Ագրիկոլը (Credit Agricole) և Սոսիեթե Ժենեղալը (Societe Generale): Կրեդիտ Ագրիկոլ բանկը Ֆրանսիայում իր ակտիվների ծավալով առաջինն է, իսկ Սոսիեթե Ժենեղալը երրորդը: «Ամունդի» բաժնետիրական ընկերությունը 750 միլիարդ եվրոյից ավելի ակտիվներով զբաղեցնում է Եվրոպայում 1-ին, իսկ աշխարհում՝ 9-րդ տեղը: Այն գործում է ավելի քան 30 երկրներում, ունի ավելի քան 100 մլն անհատ և 3 հազար կազմակերպություն հաճախորդ:
«Մենք գործում ենք Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, Արևելյան Ասիայում: Ունենք կառավարման գրասենյակներ Փարիզում, Լոնդոնում, Միլանում, Նյու-Յորքում, Տոկիոյում, Կուալա-Լումպուրում և այլ քաղաքաներում», - նշել է Ֆիլիպ Ռուսոն:
Գործադիր տնօրենի խոսքերով` «Ամունդի» ընկերությունն ունի ակտիվների կառավարման մեծ փորձ և այդ իմաստով կառավարումն իրականացվում է բավականին լայն դիվերսիֆիկացված գործիքների միջոցով:
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ»-ն իր հաճախորդներին նույնպես առաջարկում է 3 տեսակի ֆոնդեր` կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված: Դրանք ըստ ռիսկայնության ունեն համապատասխանաբար ցածր, միջին և բարձր ռիսկայնություն և դրան համապատասխան` եկամտաբերության մակարդակ:
Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Արման Վարդանյանը Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովում ներկայացրել է իրենց ընկերությունը` անդրադառնալով ընկերության կողմից ֆոնդերի կառավարման առանձնահատկություններին:
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության և գերմանական «Տալանքս ասեթ մենեջմենթ» ընկերության համատեղ ձեռնարկությունն է: Այս կազմակերպությունների առաքելությունը Հայաստանում արևմտյան լավագույն փորձին համահունչ ակտիվների կառավարման բարձրակարգ ծառայություններ մատուցելն է։
««Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ը նպատակ ունի առաջատար դիրք զբաղեցնել Հայաստանի ֆինանսական շուկայում, նպաստել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը ինչպես նաև ակտիվների կառավարման, ներդրումային ծառայությունների, և կապիտալի շուկայի զարգացմանը», - ներկայացրել է գործադիր տնօրենը` անդրադառնալով նաև առկա 3 ֆոնդերի նկարագրերին:
«Ցե-կվադրատ Ամպեգա կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի նպատակն է ապահովել ֆոնդի ակտիվների արժեքի երկարաժամկետ աճը՝ ֆոնդի ակտիվների 100 տոկոսը ներդնելով պարտքային գործիքներում, դրամական շուկայի գործիքներում, ավանդներում: Ֆոնդը ներդրումներ չի կատարում բաժնային արժեթղթերում կամ նմանատիպ ներդրումային ֆոնդերում: Երկրորդ ֆոնդը պահպանողական կենսաթոշակային ֆոնդն է, որը նախատեսված է ռիսկի միջին հակվածություն ունեցող մասնակիցների համար: Նպատակն է ապահովել կենսաթոշակի համար կուտակվող միջոցների կայուն աճ: Եվ երրորդը հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդն է, նախատեսված է բաժնետոմսերի հետ կապված հնարավորությունների և ռիսկերի մասին իրազեկ մասնակիցների համար` նպատակ ունենալով հասցնել կենսաթոշակային միջոցների առավելագույն աճին»:
Իր ելույթի վերջում Արման Վարդանյանը հույս է հայտնել, որ այս համակարգի ներդրումով շահագրգիրռ կողմերը ինչպես նաև ընդդիմախոսները ժամանակի ընթացքում կհասկանան, որ սա ճիշտ ճանապարհ է բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծման համար:
Երկու կառավարիչների առաջարկած ներդրումային ֆոնդերի փաթեթներին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ նրանց ինտերնետային կայքերից` «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» և «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ»:
Հարակից նյութեր`
Ներսես Երիցյան. Մենք դասեր ենք քաղել միջազգային փորձից`մրցակցությունը չի նշանակում ընկերությունների և ֆոնդերի բազմազանություն
Վարչապետ. «Իշխանությունը պարտադրանքի գործիքն օգտագործելով, կերտում է նոր ապագա»
Տիգրան Սարգսյանի ելույթը կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովում
Արտեմ Ասատրյան. Պարտադիր կուտակային համակարգին կատարվող վճարումները պետք է հարկվեն առաջին փուլում
«Այն կլինի նախանձելի օրինակ». ԱՄՀ-ն և ՎԶԵԲ-ը սատարում են Հայաստանին` կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում
Ժան Միշել Հապպի. «Կենսաթոշակային համակարգի ադեկվատ լինելը ժամանակի ընթացքում կզգացվի»