Վարկանիշավորման խնդիրը երևի թե նույնիսկ վիրավորական է
Դպրոցների վարկանիշավորման ծրագրի շուրջ քննարկումներում և բանավեճերում առանձնակի շեշտվում է գյուղական դպրոցների հարցը: Մասնագետների մի մասը պնդում է, որ գյուղական դպրոցները վարկանիշավորելն անիմաստ է: Համակարգը որևէ արդյունք տալ չի կարող այն դպրոցների դեպքում, որոնք հազիվ կարողանում են պահել իրենց, մի քանի աշակերտ, սոցիալական վատ պայմաններ և այլն:
Դպրոցների ազգային վարկանիշավորման պիլոտային ծրագրի արդյունքներով գյուղական մեծ և միջին միջնակարգ դպրոցների ընդհանուր վարկանիշավորման աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Վերիշենի միջնակարգ դպրոցը, որն ունի 291 աշակերտ:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանը կարծիք հայտնեց, որ վարկանիշավորումն անհրաժեշտ գործընթաց է:
«Սկիզբն է, դժվար գործընթաց է: Կանոնակարգման համար խնդիրներ շատ ունի: Պետք է այս ճանապարհը սկսենք և շտկելով գնանք: Եվ ի՞նչ կապ ունի` ո՞ր դպրոցը ո՞ր գյուղում է գտնվում: Եթե դնենք տարբերակենք, ապա պետք է վճարների տարբերակումներ էլ լինեն: Դպրոցը մնում է դպրոց, և դպրոցը դպրոցի հետ է համեմատվում: Իսկ եթե բնակավայրին պահողը զուտ դպրոցն է, ապա այդ դպրոցին պետք է նայել ուրիշ ճանապարհներով, և այս վարկանիշային համակարգը չտարածել այդ դպրոցի վրա»,- ասաց նա:
Դպրոցի տնօրենը նկատեց, որ առանց դպրոցի գյուղը կործանվելու է` «իսկ մեզ գյուղի կործանումը պետք չի»:
Այդ աղյուսակում երկրորդը Այգեկի միջնակարգ դպրոցն է, որն ունի 188 աշակերտ:
Դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հավանաբար պետք է լավ և վատ դպրոցները տարբերակել միմյանցից: Ըստ նրա, նրանք, ովքեր գործ են անում, պետք է առանձնան նրանցից, ովքեր չեն անում:
«Բայց երևի անհավասար պայմաններ կստեղծվեն այն դպրոցների համար, որոնք գտնվում են Հայաստանի չգիտեմ որ լեռնային սահմանամերձ գյուղում: Նրանց համար անհավասար պայմաններ են ստեղծվում, որովհետև եթե մարդիկ օբյեկտիվորեն չունեն հնարավորություններ, ինչպե՞ս պիտի կարողանան այդ բոլոր չափանիշները պահպանել»,- ասաց նա:
Ռուզաննա Արիստակեսյանը մտահոգություն հայտնեց, որ կոնկրետ այդ դպրոցների համար դժվար կլինի. «Մարդիկ իրենց ունեցածի չափով կարողանում են դպրոց պահել, երեխա չկա, պայմաններ չկան, իրենց համար այդ վարկանիշավորման խնդիրը երևի թե նույնիսկ վիրավորական է: Պիտի խնայեն իրենց»:
Գյուղական դպրոցները վարկանիշավորվել են ըստ խմբերի` հիմնական, միջնակարգ, մեծ և միջին:
Սակայն պետք է փաստել, որ շատ դպրոցներ ընդամենը մի քանի աշակերտ ունեն, դասերը կոմպլեկտավորած են պարապում: Կոմպլեկտավորման պատճառով լավ արդյունքներ չապահովելու դժգոհությունն էլ նոր չէ:
Շատ գյուղերում ուսուցիչների խիստ պակաս կա, երբ քիմիայի լաբորանտ է հայոց լեզու պարապում, կամ աշխատանքի ուսուցման դասատուն` անգլերեն:
Ըստ ոլորտի մասնագետների, նման պայմաններով դպրոցները նույն աղյուսակում դնել անհամեմատ ավելի լավ պայմաններ ունեցողների հետ, ճիշտ չէ:
Նշենք նաև, որ համակարգը դեռ նոր է ներդրվում, իսկ պատասխանատուները վստահեցնում են, որ այս ընթացքում ի հայտ եկած բոլոր խնդիրները կարգավորվելու են: Մնում է ապավինել նրանց ազնվությանը:
Նախորդիվ`
Քննարկում. «Վարկանիշավորումն անիմաստ բան է»
Դպրոցների վարկանիշավորում և քաղաքականացված կրթություն
Ինչ խնդիրներ է կոծկում դպրոցների վարկանիշավորումը
ԿԳՆ-ն ներկայացրեց դպրոցների վարկանիշավորման պիլոտային ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները