Եվրոպայի առաջնությունը` Երևանում
Մարտի 2-15-ը Երևանում անցկացվելու է Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնությունը: Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Այս տարի լրանում է Պետրոսյանի ծննդյան 85-ամյակը: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, բացման արարողությունը կկայանա մարտի 2-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սկիզբը` ժամը 21:00-ին:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Խաղերը կկայանան «Էլիտ պլազա»բիզնես կենտրոնում` մարտի 3-15-ը: Սկիզբը` ժամը 15:00-ին, վերջին տուրը` 14:00-ին: Մարտի 9-ը հանգստյան օր է: Մրցաշարին մասնակցում են 27 երկրների մոտ 270 շախմատիստներ, այդ թվում` շուրջ 130 գրոսմայստերներ: Միջազգային կոչումներ ունեցող մասնակիցների թիվն անցնում է 200-ից:
Ամենամեծ թվով մասնակիցներ ներկայացնում են Հայաստանը (մոտ 80), Ռուսաստանը (53), Վրաստանը (17), Իսրայելը (17), Ուկրաինան (13), Թուրքիան (10):
Կանոնադրության համաձայն, առաջին 23 տեղերը գրաված շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցելու Աշխարհի գավաթի խաղարկությանը: Մրցանակային հիմնադրամը կազմում է 160 հազար եվրո: Սահմանված են 25 հիմնական և 15 հատուկ մրցանակներ: Առաջին մրցանակակիրը կստանա 20 հազար եվրո: Միավորների հավասարության դեպքում մրցանակները բաժանվում են հավասարապես:
Գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը (Հայաստան): Վճռաբեկ հանձնաժողովի նախագահն է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը (Հայաստան), անդամները` գրոսմայստեր Գիորգի Գիորգաձեն (Վրաստան) և միջազգային կարգի մրցավար Գենադի Նեսիսը (Ռուսաստան):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները