Մեղրիում ևս կթույլատրեն խաղատներ բացել
ՀՀ կառավարությունը կթույլատրի, որպեսզի Ծաղկաձորից, Ջերմուկից և Սևանից բացի խաղատներ բացվեն նաև Մեղրիում: ՀՀ կառավարության որոշման համապատասխան նախագիծը ներառված է գործադիրի՝ փետրվարի 27-ին կայանալիք նիստի օրակարգում:
ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի կողմից կառավարության քննարկմանը ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները հաստատելու մասին» թիվ 1229-Ն որոշման մեջ:
Փողոխությունների նպատակն է, թույլատրել, որպեսզի Մեղրիում ևս խաղատներ բացվեն: Ի դեպ, եթե Ծաղկաձորում, Ջերմուկում և Սևանում խաղատներ թույլատրվում է բացել կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից և հիվանդանոցների տարածքներից 500 մետր հեռավորության վրա, ապա Մեղրիում «արգելված տարածությունը» պետք է լինի 300 մետր: