
Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիեննայում
Փետրվարի 23-ին Վիեննայի Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում տեղի է ունեցել Հիշատակի միջոցառում` նվիրված 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցին: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են , Վիեննայի Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է հոգեհանգստյան պաշտոն` Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի ներկայությամբ և հայր Անդրեաս Իսախանյանի ձեռամբ:
Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, ավստրահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Ներկաների առաջ ադրբեջանցի ելուզակի անմարդկային արարքը դատապարտող ելույթներով հանդես են եկել Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանը և Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը: