«Ղալլաթ ես անում, չաթլախ». Բուռն քննարկում Ազգային ժողովում
Այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստերի մեկնարկին Ազգային ժողովի Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ վիրավորվել է որոշ պաշտոնյաների «ամբարտավան կեցվածքից» և հիշեցրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի արձագանքը` խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնությանը կառավարությանն անվստահություն հայտնելու մասին:
«Ճիշտ է, նախարարը հետո վկայակոչելով բառարանը, ասաց, որ «ղալլաթ» բառը արաբերեն նշանակում է սխալ են անում: Այսինքն, փոխանակ ասի սայթաքել եմ, սխալ եմ թույլ տվել, ներողություն, ավելի է խորացնում հարցը: Եթե այդ տրամաբանությամբ ենք շարժվում և բառարաններով պետք է որոշենք` ով ինչ է ասում, մենք էլ այդ բառերը տիրապետում ենք և եթե իրան ասենք, օրինակի համար ղալլաթ ես անում, չաթլախ, չնեղանա…», -հայտարարեց Արմեն Ռուստամյանը, որի խոսքը ընդհատվեց, քանի որ նրա բարձրախոսը անջատվեց:
Ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորեց «պառլամենտական բառապաշարով» խոսել նիստերի դահլիճում: Եվ թեպետ Ռուստամյանի բարձրախոսն անջատված է, սակայն նա շարունակում էր խոսել, ինչից հետո խորհրդարանի նիստերի դահլիճում բուռն քննարկում ծավալվեց, և պատգամավորներն անգամ ծիծաղում էին:
«Պարոն Բաբլոյան, ինչ կա ուրախանալու ես զարմանում եմ, փոխանակ տխրեք, ուրախանում եք», -սաստեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և շարունակեց. «Ես իհարկե, ցավում եմ: Դա շատ վատ երևույթ է: Պարոն Ռուստամյան, ես Ձեզ կոչ կանեի նման ոճով չպատասխանել: Իհարկե, դատապարտում եմ նման վիրավորանք, որ կհնչի պատգամավորի կամ կառավարության անդամի կողմից: Մեզ հարիր չէ նման ոճով քննարկումներ կազմակերպել Ազգային ժողովում: Ես ազնվորեն զարմացած եմ Ձեր պատասխանից»:
Նշենք, որ օրերս խորհրդարանում Tert.am-ի լրագրողը Թովմասյանից հետաքրքրվել էր թե նա ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունները կառավարության հրաժարականն են պահանջում։ «Ղալլաթ են անում»,- պատասխանել էր նախարարն ու ըստ աղբյուրի, հրաժարվել այլ հարցերի պատասխանել։ Դրանից մի քանի օր անց Թովմասյանը պատասխանելով լրագրողների հարցերին, բացատրել էր` ինչու է նման կերպ արտահայտվել. «Ես ասացի, որ իրանք սխալ են անում: Ղալլաթը արաբերեն բառ է, որը նշանակում է սխալ, նշանակում է չարաչար սխալվել: Վերցրեք Թումանյան ու կտեսնեք՝ ինչ կոնտեքստում է այդ բառը: Եվ այդ հարցում ես բացել եմ, թե ինչ է նշանակում ղալլաթ, դա անտեղի ժամանակ վատնող աշխատանք է ընդամենը, որովհետև կա մեծամասնություն, և ակնհայտ է, որ անվստահություն հնարավոր չէ հայտնել»:
Հարակից հրապարակում`
Թովմասյանը բացատրել է «ղալլաթ» բառի իմաստը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան