«Բարգավաճ Հայաստանը» գազի մասին ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցի միայն մեկ պայմանով
«Տպավորությունն այնպիսին է, որ այն, ինչ ներկայացնում են ոչ իշխանական քաղաքական ուժերը, դա քաղաքական շահարկում է, իսկ այն, ինչ ներկայացնում է իշխանական մեծամասնությունը, դա ՀՀ քաղաքացու շահերից բխող մտահոգություն է: Եթե այդքան մտահոգված լինեիք, չէիք քվեարկի մի համաձայնագրի օգտին, որը մինչև 2043 թվականը ՀՀ-ին ուղղակիորեն զրկում է այլընտրանքային էներգիա ստանալու հնարավորությունից»,- այսօր Ազգային ժողովում Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, իրենց խմբակցությունը ամբիցիաներ չունի և իրենց հետաքրքրում են միայն իրենց հուզող հարցերի պատասխանները:
«Մեզ ներկայացված նախագծում մեր հիմնական մտահոգությունները ներառված են, և «Բարգավաճ Հայաստանը» պատրաստ կլինի մասնակցել այդ աշխատանքներին, եթե ժամկետի հետ կապված մեր բարձրացրած մտահոգությունը վերանայվի», -հայտարարեց Զոհրաբյանը:
Նկատենք, որ խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում է, որ ժամանակավոր հանձնաժողովը գործի մինչև նոյեմբեր, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և մյուս ոչ իշխանական խմբակցությունները առաջարկում են հանձնաժողովին նախագծով տալ երեք ամիս ժամանակ` այսինքն աշխատանքներն ավարտել այս նստաշրջանում:
«Քաղաքական մեծամասնությունը չունի այն վստահության ռեսուրսը, որ մենք մտածենք, որ մինչև նոյեմբեր այն ժամկետը չէ, որ դուք ուզում եք խնդիրը լռեցնել, կրքերը քնեցնել և սպասել, թե հետո ինչ կլինի»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը` ընդգծելով, որ իրական ցանկության դեպքում երեք ամիսը բավական է հանրությանն հուզող հարցերի պատասխան տալ:
Նրա խոսքով, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պատրաստ է հանձնաժողովին միանալ միայն այն դեպքում, երբ հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն երեք ամիսների ընթացքում:
Նախորդող հրապարակում`
Խորհրդարանական մեծամասնությունը գազի մասին հարցը առաջարկում է քննարկել դռնփակ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան