Քաղաքագետ. Հետխորհրդային տարածքում եվրաինտեգրման գործընթացը կարող է նոր թափ, նոր ընթացք ստանալ
«Չեմ բացառում, որ Ուկրաինայի դեպքերից հետո Ռուսաստանը, վախենալով դոմինոյի էֆեկտից, արագացնի կամ ուժեղ ճնշմամբ փորձի զարգացնել Մաքսային միության գործընթացը ոչ միայն Հայաստանի, նաև Բելառուսի, Ղազախստանի դեպքում»,- ասուլիսում նման դիտարկում արեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Միաժամանակ նա հույս հայտնեց, որ ՌԴ-ն Ուկրաինայի իրադարձություններից կարող է առնվազն ավելի բարենպաստ պամանների շուրջ բանակցել Մաքսային միության գործընթացի շուրջ:
Ըստ քաղաքագետի, Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերից հետո Հարավային Կովկասում և հետխորհդային տարածքում եվրաինտեգրման գործընթացը կարող է նոր թափ, նոր ընթացք ստանալ:
«Սա առնվազն նշանակում է, որ այս պայմաններում Հայաստանը հնարավորություն կունենա ընդլայնել բազմաշերտ հարաբերությունները Եվրամիության հետ»,- ասաց Ս. Մինասյանը:
Ինչ վերաբերում է Ուկրաինային, նա նշեց, որ ամենակարևոր ու լուրջ զարգացումները նոր են սկսվելու՝ իշխանության, պաշտոնների բաժանում: Քաղաքագետի կարծիքով, Ուկրաինայում տեղի չեն ունենում այնպիսի լուրջ զարգացումներ, որոնց հետևանքով Ղրիմն առանձնանա Ուկրաինայից: