Սիրիայի ԱԳՆ. Դամակոսը կհամագործակցի ՄԱԿ-ի հետ հումանիտար օգնության հարցում
Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում վերահաստատել է ՄԱԿ-ի հետ անվտանգության և հումանիտար օգնություն մակատարարելու հարցում համագործակցությունը շարունակելու մտադրությունը, որն ուղղված է 2139 բանաձևն ի կատար ածելուն: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:
Հումանիտար օգնության վերաբերյալ բանաձևը ՄԱԿ ԱԽ-ում ընդունվել էր փետրվարի 22-ին:
Երկրի արտաքին գերատեսչությունն ընդգծել է, որ համագործակցելու է ՄԱԿ մշտական համակարգողի գրասենյակի և միջազգային կազմակերպությունների հետ:
«Սիրիայում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը կապված է ահաբեկչության դեմ պայքարի հետ, որն աջակցում են դրսից, և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից միակողմանի պատժամիջոցները հանելու հետ»,-ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաև նշվում է հումանիտար գործողությունները քաղաքականացնելու անթույլատրելիության մասին:
«Սիրիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնում ազնվորեն համագործակցել բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում, սակայն շեշտում է, որ Սիրիայի քաղաքացիների տառապանքները չպետք է օգտագործվեն քաղաքական նպատակներն իրականացնելու և ազգային ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ կատարելու համար»,-ընդգծել են ԱԳՆ-ում:
Նշենք, որ փետրվարի 22-ին ՄԱԿ ԱԽ-ն միաձայն ընդունեց 2139 բանաձևը, որը Սիրիայի իշխանություններից պահանջում էր սահմանները բացել հումանիտար օգնությունը տեղ հասցնելու համար, ինչպես նաև հակամարտության կողմերին կոչ էր անում համատեղ պայքարել ահաբեկչության դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով