«Չի կարելի մարդուն պարտադրել այն, ինչը դեռևս իր համար համոզիչ չէ». Թաթուլ Մանասերյանը` կուտակային կենսաթոշակային համակարգի մասին
«Պետք է երկխոսություն տեղի ունենա, և իշխանությունը ականջալուր լինի այն փաստարկներին, որոնք բերվում են մարդկանց կողմից, մասնավորապես, եթե դրանք մասնագետների գնահատականներ են»: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ դժգոհություններին:
Տնտեսագետի խոսքերով` այսօր այնպիսի տպավորություն է, որ նախորդ տարվա վերջին իշխանության որդեգրած այն մոտեցումը` բացառելով ցանկացած քննարկում, այսինքն` պետք է բարեփոխումները իրականացվեն և վերջ, այդ կարծրատիպը կարծես թե կոտրվում է: Ըստ Թ.Մանասերյանի` իրականում բոլոր այն երկրներում, որտեղ ներդրվել է կենսաթոշակային կուտակային համակարգ, անպայման դրանք տեղայնացվել են, բացի այդ` միշտ էլ լինում են սխալներ, բացթողումներ կամ թերի կողմեր, որոնք հաշվի չեն առնվել մինչև համակարգի ներդրվելը, ուստի դրանից հետո անպայման առաջանում են նոր փաստարկներ:
«Ես կարծում եմ, որ իշխանությունը պետք է այդ փաստարկները հաշվի առնի, պետք է կազմակերպի քննարկում, որի ընթացքում բոլոր այն անընդունելի գործոնները, որ կան համակարգում, այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնի, որպեսզի այդ համակարգը մարդկանց կողմից ընդունելի լինի»,- ասաց Թ.Մանասերյանը` հավելելով, որ մինչև մարդիկ դա չընդունեն որպես իրենց համոզմունքներին կամ հնարավորություններին համապատասխան բարեփոխում, ապա չի կարծում, որ կուտակային կենսաթոշակային համակարգը հաջողություն կունենա:
Ինչ վերաբերում է անընդունելի գործոններին, տնտեսագետը նշեց, որ կան մի շարք գործոններ, որոնք պետք է կառավարությունը հաշվի առնի: Օրինակ` եթե կենսաապահովման նվազագույն զամբյուղը ապահովված չէ, ապա, բնականաբար, այդ եկամուտից երբեք չպետք է գանձվի որևէ վճար:
«Կարծում եմ, որ պետք է բոլոր տեսակետները լսել, իմի բերել, միգուցե կլինեն հակափաստարկներ` ավելի համոզիչ, բայց երկխոսության գործընթացը պետք է սկսել, որից կշահի և ժողովուրդը, և պետությունը` երկար փողեր ձեռք բերելու և նպատակին ծառայեցնելու համար»,- ընդգծց Թ.Մանասերյանը:
Տնտեսագետը գտնում է, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը երկխոսությունն է:
«Եթե սկսել ենք քաղաքական երկխոսությունը, ժամանակն է, որ սկսվի նաև տնտեսական երկխոսություն: Ասում են` այս բանը պետք է այսպես լինի և վերջ, բայց դա ճիշտ սկզբունք չէ, և այն փաստարկը, թե 10 տարի քննարկել են, դա բավարար չէ, և մարդկանց չի գոհացնում: Իշխանությունը ժողովրդի իշխանությունն է, բարեփոխումը ժողովրդի համար է արվում և չի կարելի մարդուն պարտադրել այն, ինչը դեռևս իր համար համոզիչ չէ»,-ասաց Թ.Մանասերյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները