Վերգետնյա հեռուստահեռարձակման ներկայիս ցանցը 2015 թ.-ի վերջին կանջատվի
ՀՀ կառավարությունը մտադիր է մինչև 2015 թվականի վերջը ավարտել Հայաստանի վերգետնյա հեռուստահեռարձակման թվայնացման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կողմից ՀՀ կառավարության՝ փետրվարի 27-ին կայանալիք նիստի հաստատմանը ներկայացված որոշման նախագծից:
ՀՀ ՏԿ նախարարը առաջարկում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» թիվ 948-Ն որոշման մեջ և նոր խմբագրությամբ հաստատել վերգետնյա հեռուստահեռարձակման թվայնացման գործընթացի ժամանակացույցը սահմանող հավելվածը:
Ըստ այդմ, ենթադրվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում պետք է ավարտվի վերգետնյա թվային համակարգի ներդրման հետ կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացների կազմակերպումը, 2014 թվականի երկրորդ եռամսյակում պետք է ավարտվի տարածքների համապատասխանեցում թվային համակարգերի ներդրման և շահագործման տեխնիկական պահանջներին:
Վերգետնյա հեռուստահեռարձակման ցանցի թվային ցանցի կառուցումը պետք է տեղի ունենա երկու փուլով, որոնք պետք է ավարտվեն այս տարվա երրորդ և չորրորդ եռամսյակների ընթացքում: Իսկ 2015 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում պետք է սկսվի վերգետնյա թվային հեռուստահեռարձակումը: Ըստ ներկայացված ժամանակացույցի՝ հեռուստահեռարձակման ներկայում գործող անալոգային համակարգը 2015 թվականի վերջին կանջատվի: